Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի

Բաքու-Թբիլիսի-Անկարա երթուղում արագընթաց մարդատար գնացք կգործարկվի։ BusinessPressNews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ադրբեջանի երկաթուղային տրանսպորտի գործակալությունից: Ըստ գործակալության՝ գնացքներն արտադրելու է շվեյցարական Stadler Rail Group-ը:

Գաղափարի իրականացումը նախատեսվում է միջպետական ​​ցամաքային սահմանների բացման դեպքում։ Ներկայումս Ադրբեջանի և Վրաստանի միջև ցամաքային սահմանը փակ է կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով, ուստի մի երկրից մյուսը հնարավոր է միայն օդային ճանապարհով։ Մինչ համավարակը Թբիլիսիից Բաքու հնարավոր էր գնացքով հասնել 12 ժամում։

Ի դեպ, Վրաստանից Թուրքիա երկաթուղային երթևեկությունն իրականացվում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցության նախագիծ է։ Երկաթուղու շինարարությունը սկսվել է 2010 թվականին, պաշտոնական գործարկումը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երկաթուղու երկարությունը 829 կմ է, որից 504 կմ-ն անցնում է Ադրբեջանով, 246 կմ-ը՝ Վրաստանով, 79 կմ-ը՝ Թուրքիայի տարածքով։