Բաթումի-Նովոռոսիյսկ բեռնափոխադրումները կանոնավոր չեն. Թբիլիսին պարզաբանում է

Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը հայտարարություն է տարածել Վրաստանի Բաթումի և Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքների նավահանգիստների միջև բեռնափոխադրումների վերաբերյալ և հայկական լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունը որակել է «այլ կերպ մեկնաբանված» և «իրականությանը չհամապատասխանող»:

«Հայաստանի լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությունը այս տարվա ապրիլից Բաթումի և ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքների միջև կանոնավոր ծովային փոխադրումներ սկսելու մասին՝ այլ կերպ է մեկնաբանված և չի համապատասխանում իրականությանը»,- նշել է գործակալությունը:

Գործակալության տվյալներով, ապրիլին՝ Պալաուի դրոշով Haci Musa Ucak նավը (IMO 9128544) իրականում երկու կոմերցիոն փոխադրում է իրականացրել Նովոռոսիյսկի և Բաթումիի միջև։ Գործակալությունն ընդգծում է, որ դա կանոնավոր փոխադրում չէ և ամբողջությամբ կոմերցիոն բնույթ է կրել, որն իրականացվել է համակարգված։

Ծովային տրանսպորտի գործակալության փոխանցմամբ՝ նավի սեփականատեր ընկերությունը, որը չի գտնվում պատժամիջոցների ցանկում, նախատեսում է կրկին իրականացնել կոմերցիոն փոխադրումներ։ Ինչ վերաբերում է բեռին, ապա, ըստ գործակալության՝ վերջինս ամբողջությամբ տարանցիկ է և նախատեսված է Հայաստանի Հանրապետության համար:

«Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, համաձայնեցնելով ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հետ, մշտապես ստուգում է ինչպես նավերը, այնպես էլ նավերի սեփականատերերին՝ կապված միջազգային պատժամիջոցների հետ։ Ուստի, եթե նավը կամ նավի սեփականատերը գտնվում է պատժամիջոցների ցանկում, ապա չի թույլատրվում մուտք գործել Վրաստանի նավահանգիստներ և իրականացնել համապատասխան ընթացակարգեր»,- նշված է ծովային տրանսպորտի գործակալության հայտարարության մեջ։

Ի դեպ, մինչ այդ՝ հայկական «Արմենպրես» լրատվական գործակալությունը տեղեկություն էր հրապարակել Բաթումի-Նովոռոսիյսկ-Բաթումի ուղղությամբ ծովային փոխադրումների մեկնարկի մասին։