Բայդենը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Վրաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբին Դաննիգանին:

Դաննիգանը ԱՄՆ-ի արտաքին գործերի ավագ ծառայության անդամ է, ներկայումս ծառայում է որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում:

Մինչ այդ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նա կատարել է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի պարտականությունները: Նախկինում եղել է Էներգետիկ ռեսուրսների բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալը: Ավելի վաղ հանձնարարությունները ներառում են ԱՄՆ դեսպանատները Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Էլ Սալվադորում:

Դաննիգանը գիտությունների մագիստրոսի կոչում  է ստացել Ջորջթաունի համալսարանում և գիտության բակալավրի կոչում` Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում: Տիրապետում է իսպաներենին և գերմաներենին:

Հարկ է նշել, որ Սենատի կողմից հաստատվելու դեպքում Դաննիգանը Վրաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Քելի Դեգնանին: Վերջինս Վրաստանում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2020 թվականից: