Վրաստանում բնակչության 45 տոկոսը պատվաստված է. Ցերցվաձե

Վրաստանում կորոնավիրուսի դեմ երրորդ, այսպես կոչված` booster (խթանիչ) դոզայով պատվաստվել է 10 տոկոսը, իսկ չորրորդ դոզայով պատվաստվել է ընդամենը 9 400 մարդ, InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Ցերցվաձեն նշել է, որ դա շատ փոքր ցուցանիշ է, և հասարակությանը կոչ է արել ակտիվորեն պատվաստվել:

«Պատվաստանյութը վարակի կանխարգելման և հատկապես հիվանդության վատթարացման կանխարգելման ամենակարևոր և արդյունավետ միջոցներից է։ Ցավոք, Վրաստանը պատկանում է այն երկրներին, որտեղ COVID-ի դեմ պատվաստումներով պաշտպանվածությունը ցածր է, չնայած երկրում ստեղծված են պատվաստման բոլոր պայմանները՝ որակյալ պատվաստանյութեր, պատվաստումների բազմաթիվ կենտրոններ, որակյալ բժշկական անձնակազմ, անվճար ծառայություններ և այլն»,- ասել է Ցերցվաձեն։

Ըստ նրա՝ չափահաս բնակչության միայն 45 տոկոսն է պատվաստված կորոնավիրուսի դեմ երկու չափաբաժնով, ինչը կազմում է ողջ բնակչության 1/3-ը:

«Զարգացած երկրներում պատվաստումների ընդգրկվածության մակարդակը կազմում է ավելի քան 60-80 տոկոս»,- ասել է Ցերցվաձեն։

Վրաստանում COVID-ի «Կրակեն» ենթատեսակով վարակման դեպք է հաստատվել. Ցերցվաձե