Վրաստանում COVID-ի «Կրակեն» ենթատեսակով վարակման դեպք է հաստատվել. Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն InterPressNews-ին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից «մտահոգիչ» է գնահատվել՝ հաստատվել է նաև Վրաստանում։

Ցերցվաձեն նշել է, որ Վրաստանն աշխատում է նոր սերնդի՝ երկվալենտ պատվաստանյութի ներմուծման ուղղությամբ:

Ըստ Ցերցվաձեի՝ COVID-ի «անհետացման» օբյեկտիվ հիմքեր դեռ չկան. շարունակում են հայտնվել նոր ենթատեսակներ։ Նրա խոսքով, կորոնավիրուսի ամբողջական հաղթահարման մասին դեռ վաղ է խոսել, ինչի մասին վկայում է այն փաստը, որ ԱՀԿ-ն կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը երկարաձգել է ևս 3 ամսով։

«Հայտնի իրողություն է, որ Վրաստանը կարողացավ և առաջիններից մեկն էր, որ COVID-19-ը վերածեց շնչառական վարակներից մեկի։ Սա նշանակում է, որ COVID-ից մահացությունների թիվը չի գերազանցում կամ թեթևակի է գերազանցում այլ շնչառական վարակների հետևանքով առաջացած մահերին»,- նշել է Ցերցվաձեն՝ հավելելով, որ COVID-ը գործնականում այլևս բացասաբար չի ազդում մարդկանց կյանքի որակի և Վրաստանի տնտեսության վրա։

Նշենք, որ փետրվարի 6-ին ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը հայտարարել էր, որ  Վրաստանում 2-3 շաբաթից, հավանաբար, կգերիշխի կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը: