Սադրանքների և ճնշումների ժամանակը չէ. նախագահ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է ապրիլի 17-ին կառավարության շենքի մոտ անցկացված բողոքի ակցիային: Դիմելով հավաքվածներին` նախագահն ընդգծել է, որ «սադրանքների և ճնշումների ժամանակը չէ»։

«Ժողովուրդը բոլորիս հանգստության, պահվածքի օրինակ են տվել: Մեկ օրով այս բողոքի ակցիան չի ավարտվում»,- գրել է Զուրաբիշվիլին:

Մինչ նախագահի գրառումը կառավարության շենքի մոտ շարունակվող հանրահավաքում վիրավորանքներ են հնչել և ֆիզիկական բախումներ են եղել:

Նշենք, որ երեք օր անընդմեջ վրաց քաղհասարակությունն ու եվրոպական հեռանկարով մտահոգ քաղաքացիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց՝ ընդդեմ «ռուսական օրենքի»: Փաստացի՝ Ռուսթավելիի պողոտան երեկոյան 19:00-ից կաթվածահար էր լինում: Երեկ բողոքի ակցիան շարունակվել է Վրաստանի կառավարության շենքի մոտ, որտեղ մոբիլիզացված էին հատուկջոկատայիններ, ոստիկանական խումբ և ջրջան մեքենա: Խաղաղ ցուցարարներից ոմանց բերման են ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։

Ցուցարարները պահանջել են ազատ արձակել բողոքի ցույցի ժամանակ բերման ենթարկվածներին։ Ցուցարարները կառավարության անդամներին անվանել են ռուսներ, պահանջել են թույլ տալ մտնել կառավարության շենք` նշելով, որ դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ցուցարարները վանկարկել են` «Ռուսաստանի ստրուկներ», «ուժը ժողովրդին է պատկանում» և այլ կոչեր։

Ցուցարարները բողոքի ակցիան կշարունակեն նաև այսօր: