Բաժնետոմսն աշխատակիցներին փոխանցելու Կեզերաշվիլիի դիմումը կասեցվել է

Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը կասեցրել է ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության 25 տոկոս բաժնեմասը աշխատակիցներին փոխանցելու մասին դիմումը։

Հանրային ռեգիստրի պատասխանում նշվում է, որ պատճառներից մեկը հեռուստաընկերության հիմնադիր, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի անձը հաստատող փաստաթղթի հետ կապված դիմումում եղած որոշ անճշտություններն են։

Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը՝ ի պատասխան հեռուստաընկերության տնօրեն Զուկա Գումբարիձեի հայտարարության, նշել է, որ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների հետաքննության, գնահատման և համադրման արդյունքում պարզվել է, որ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված գրանցման պայմաններին:

Ավելի վաղ Կեզերաշվիլին ասել էր, որ հրաժարվել է «Ֆորմուլա»-ի բաժնետոմսերի մեծամասնության սեփականատեր լինելուց և իր բաժնեմասի կեսը տալու է հեռուստաընկերության աշխատակիցներին։ Կեզերաշվիլիին է պատկանում բաժնետոմսերի 51 տոկոսը, որից 25-ը փոխանցում է աշխատակիցներին։

Կեզերաշվիլիի որոշմանը նախորդել էր BBC-ի լրագրողական հետաքննությունը, ըստ որի՝ վերջինս կապված է «հարյուրավոր տարբեր ներդրումային բրենդներից բաղկացած խարդախությունների համաշխարհային ցանցի հետ», որը հաճախորդներին խաբելով ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։ Պաշտպանության նախկին նախարարը հերքում է այդ սխեմաներին իր մասնակցությունը։

Ուշագրավ է, որ «Ֆորմուլա»-ի 40 աշխատակիցներ հիմնել են մասնավոր սահմանափակ ընկերություն, որը Կեզերաշվիլիից պետք է ստանա վերը նշված բաժնեմասը:

ՊՆ նախկին նախարարը` կիբերխարդախության կիզակետում. քննարկում են վերլուծաբանները