Բենզինն ու ձեթը` Վրաստանի շուկայի «թանկ ռեկորդակիրներ». երկրում գնաճը շարունակվում է

Արդեն քանի ամիս է` Վրաստանում բենզինի գները միայն աճում են. Վառելիքի որոշ տեսակների մեկ լիտրի գինն անցնում է 3 լարիից (մոտ 1դոլար) :

«Regular» բենզինը միջինում  2,58-2,62 լարի է,  «Premium» -ի մեկ լիտրը` 2,79-2,82 լարի,  «Super» տեսակը` 2,88-2,92:    «Super»-ի որոշ  կատեգորիաներ` 3,08 լարի: Միայն վերջին 1 ամսում բենզինը 15 թեթրիով թանկացել է, մեկ տարում` 60-70 թեթրիով:

Վրաստանում բենզինի գնի աճը պայմանավորված է ինչպես օտարերկրյա շուկաներում գնի փոփոխությամբ, այնպես էլ դոլարի նկատմամբ լարիի արժեզրկմամբ: Տարեսզբից նավթամթերքի գինը համաշխարհային շուկայում միայն աճել է:  Ապրիլի 5-ին Լոնդոնի առաջատար ֆոնդային բորսայում կայացած առքուվաճառքի արդյունքում` «Brent» տեսակի նավթի մեկ բարելն արժեցել է 68,65 դոլար` հունվարի սկզբի 50,73 դոլարի փոխարեն:

Վրաստանի ազգային արժույթը միայն վերջին ամսում  10 թեթրիով էժանացել է` դոլարի նկատմամբ:  Վրաստանում բենզինը ներմուծվող արտադրանք է: Բենզինի գինը ներառում է նաև ֆիքսված ակցիզային հարկ, որը 2017-ին աճել է և կազմել 500 լարի` մեկ տոննայի համար:  Բենզինի թանկացման դեմ Վրաստանի վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ ու երթեր են կազմակերպում:

Թանկացման տեմպերով հետ չի մնում նաև բուսական յուղը, որը վերջին մեկ ամսում նկատելիորեն թանկացել է` որոշ տեսակների դեպքում` լիտրի համար ավելի քան 100 տոկոսով: Պատճառները կրկին նույնն են. վրաստանյան շուկայում բուսական յուղը  հիմնականում ներմուծված է:

Վրաստանում մարտին 4,2% գնաճ է եղել

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։