Բերա Իվանիշվիլի. ով հայհոյի մորս՝ պատասխան է տալու

Վրաստանում վերջին օրերի ընթացքում աղմուկ հանած TV Պիրվելիի տարածած գաղտնի ձայնագրությունը, որտեղ գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշիլիի որդին «մարդ են պատվիրում» սոցիալական ցանցերում Բերային հայհոյելու համար, վերջապես մեկնաբանություն է ստացել Բերայի կողմից: Վերջինս հարցազրույց է տվել իշխանական Իմեդի հեռուստաընկերությանը:

Ողջ հարցազրույցի ընթացքում Բերան այդպես էլ չհերքեց ձայնագրության իրական լինելը, ավելին՝ հայտարարեց, որ եթե որևէ մեկը հայհոյի իր մորը՝  պատասխան է տալու: Բերան նաև հաստատեց, որ հանդիպել է իրեն սոցիալական ցանցերում հայհոյող անչափահասների ծնողներին, բայց ամենը եղել է օրենքի շրջանակներում:

Իվանիշվիլիի որդին վերհիշեց, որ 2011 թվականին իր երկրպագուներին հայհոյելու համար մի քանի մարդ արժանացել է իր թիկնապահի հետ հանդիպման, որի ընթացքում եղել է բանավոր զգուշացում: Ընդունեց նաև, որ այն ժամանակ դեռահաս է եղել, ու իր ընտանիքի հանդեպ նման ատելության խոսքը նոր էր․ եղել են սպառնալիքներ, նամակներ են ուղարկվել ընտանիքի երեխաներին:

Բերայի հարցազրույցում շատերը շեշտը դրել են «վրացի տղամարդու արժանապատվության վրա»:

«Եթե որևէ մեկը մորս հայհոյի, կպչի ընտանիքիս, ինչն ինձ համար ամենասուրբն է, նման մարդուց անպայման պատասխան եմ հայցելու այսօր էլ: Ինձ մի վրացի տղամարդ ցույց տվեք, ով այլ կերպ է մտածում այս հարցի շուրջ»,- ասել է Բերան:

«Պատասխան պահանջել» արտահայտությունը բազմանշանակ է ընկալվել սոցցանցերում, չնայած ինքը Բերան հայտարարում է, որ իր ընտանիքի հանդեպ սպառնալիքներով մեկնաբանություններն ու նամակնեհրը ցույց է տվել իրավապահ մարմիններին, որոնք հաստատել են դրանց իրական լինելը:

Բերան հարցազրույցում անդրադարձավ նաևՊիրվելի հեռուստաընկերության կողմից հրապարակված ձայնագրության տարեթվին.

«Ձայնագրությունն արվել է 2017թվականին, իսկ դա նշանակում է, որ «Վացական երազանքը» լսում է իր վարչապետին, հետո այդ ձայնագրությունները տալիս ընդդիմությանը: Լսում է, ու նույնիսկ չգիտի, թե որ տարեթվի խոսակցություն է լսում»

Հիշեցնենք` ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշխող թիմի ֆորմալ առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:

Ձայնագրության հանրայնացումից հետո ընդդիմության աջակիցներն ու քաղաքացիական հասարակությունը բողոքի ցույցեր են անցկացրել Թբիլիսիում, պահանջել Ղարիբաշվիլիի հրաժարականը:

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել հետաքննել՝ արդյոք ձայնագրությունում հնչեցվածը համապատասխանում է իրականությանը: Թեմայի հետ կապված կոչով էին հանդես եկել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ։ Իսկ «Վրացական երազանքը» հայտարարություն էր տարածել, որ ձայնագրությունն իրականությանը չի համապատասխանում:

Դատախազությունը հետաքննության մեկնարկի մասին հայտարարություն  տարածեց ձայնագրության տարածումից օրեր անց միայն:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։