Բլինքենը ցավակցել է ողբերգական աղետի կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ցավակցություն է հայտնում Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգական աղետի զոհերին:

«ԱՄՆ-ն իր ցավակցությունն է հայտնում Վրաստանում տեղի ունեցած ողբերգության զոհերին։ Մենք կանգնած ենք մեր բարեկամ Վրաստանի կողքին և բարձր ենք գնահատում փրկարարների և ներգրավված քաղաքացիների ջանքերը, ովքեր ջանք չեն խնայում կյանքեր փրկելու և վիրավորներին օգնելու համար»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ուշագրավ է, որ սողանքի հետևանքով անհայտ կորածների ցուցակում հայտնված քաղաքացիներից մեկը հայտնաբերվել է Թբիլիսիում: Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարար Իրակլի Քարսելաձեն պարզաբանել է, որ անհայտ կորածների ցուցակում ընդգրկված և օգոստոսի 8-ին ոստիկանության կողմից հայտնաբերված քաղաքացին ընդհանրապես չի եղել Շովիում, իսկ անուն-ազգանունը անհայտ կորածների ցուցակում սխալ է մուտքագրվել։

Նշենք, որ Շովիի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի զոհերի թիվը օգոստոսի 8-ի ժամը 13:00-ի դրությամբ հասել է 19-ի։ Զոհվածներից 14-ի ինքնությունը հայտնի է։ Արդեն 6-րդ օրն է փրկարարական աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են։ Վրաստանում օգոստոսի 7-ը սգո օր էր հայտարարվել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել: