Բողոքի ակցիա՝ ընդդեմ Լավրովի ընտանիքի հարսանիքի. կան բերման ենթարկվածներ

Մայիսի 20-ի առավոտից Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելիի քաղաքի Kvareli Lake Resort հյուրանոցային համալիրի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ իրավապահները 16 ցուցարարի են բերման ենթարկել։

Վրաստանում գործող 12 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել Կղվարելիում շարունակվող բողոքի ակցիայի վերաբերյալ։ ՀԿ-ների ներկայացուցիչներն ասել են, որ թույլ չեն տալիս փաստաբաններին այցելել ձերբակալված ակտիվիստներին։

Կազմակերպությունները դիմել են Վրաստանի ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)՝ անհապաղ փաստաբաններին հնարավորություն ընձեռել հանդիպել ձերբակալվածների հետ, հակառակ դեպքում այս գործողությունը կընկալվի որպես կալանավորների պաշտպանության իրավունքի սահմանափակում։

ՀԿ-ները դիմել են Վրաստանի իրավաբանների ասոցիացիային՝ արձագանքելու փաստաբանների գործունեությունը խոչընդոտելու փաստերին։

Ինչպես հայտնի է, ձերբակալվել է ընդդիմադիր «Դրոա» կուսակացության առաջնորդ Էլենե Խոշտարիան: ՆԳՆ տեղեկատվության համաձայն, իրավապահները նրան մեղադրում են մանր խուլիգանության և իրավապահի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։

Կղվարելիում բողոքի ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով, ինչը նշանակում է մանր խուլիգանություն և անհնազանդություն իրավապահի օրինական պահանջին։

Ի դեպ, բողոքի ակցիաները մեկարկնեցին այն բանից հետո, երբ մայիսի 19-ին տեղեկություն էր տարածվել, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Լավրովան, ամուսնու՝ Ալեքսանդր Վինոկուրովայի հետ իջևանել է համալիրում և ՌԴ արտգործնախարարի ընտանիքը Կախեթում պատրաստվում էր հարսանիքի. հարսանիքը պետք է կազմակերպեր Լավրովի փեսայի եղբայրը՝ Ալեքսանդր Վինոկուրովը։

Լավրովի ընտանիքի հարսանիքը Վրաստանում. բողոքի ակցիա է նախատեսվում