Կարասինի հավանական փոխարինողը՝ persona non grata Վրաստանում

Իվան Վոլինկինը, ով ըստ ռուսական լրատվամիջոցների, աշնանը կփոխարինի Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինին, Վրաստանում persona non grata «անցանկալի անձ» է հայտարարված:

2007 թվականին Վրաստանի իշխանությունները Վոլինկինին և ևս երկու ռուս դիվանագետի երկրից արտաքսել են: Հարցը վերաբերվում էր այսպես կոչված «լրտեսության գործին», որի շրջանակներում 2007-ին գործեր հարուցվեցին այն ժամանակվա ընդդիմության մի քանի առաջնորդների հանդեպ:

Ռուսական լրատվամիջոցներն այսօր լուրեր են տարածում Գրիգորի Կարասինի պաշտոնից հեռանալու մասին: Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ նրան փոխարինողների մի քանի թեկնածություն է քննարկվում, որոնցում առաջնահերթություն է տրվում հենց Իվան Վոլինկինին:

Վոլինկինն ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1981 թվականին և այդ ժամանակվանից ի վեր աշխատում է ԱԳՆ համակարգում: Նա աշխատել է Հարավսլավիայում, ԱՄՆ-ում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Վրաստանում, Մակեդոնիայում: 2009-2013 թվականներին զբաղեցրել է Սերգեյ Լավրովի օգնականի պաշտոնը: 2013-2018 թվականներին Վոլինկինը ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանն էր:

Հատկանշական է, որ Կարասինի հրաժարականից հետո փոխվելու է Աբաշիձե-Կարասին ձևաչափը: Այս թեմայի վերաբերյալ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ մեկնաբանություն կանի այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտնի կդառնա Գրիգորի Կարասինին փոխարինողի անունը:

Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների Ժնևյան ձևաչափը հիմնվել է 2008-ի օգոստոսի 12-ին կրակի դադարեցման համաձայնության հիման վրա: Երկխոսությունն անցնում է երկու աշխատանքային խմբերի միջև, առաջին աշխատանքային խմբի շրջանակներում դիտարկվում են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում անվտանգության և կայունության հարցերը, երկրորդում՝ Աբխազիայում և Ցխինվալիում տիրող դրությունը՝ մարդու իրավունքների և հումանիտար տեսանկյունից, ինչպես նաև բռնի տեղահանվածների և փախստականների սեփական տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցերը:

Բանակցությունները տարվում են  ԵՄ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի համանախագահությամբ՝ Վրաստանի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի մասնակցությամբ: