Բողոքի ակցիա Թբիլիսիում և Բաթումիում՝ ընդդեմ ռուսական նավի ժամանման

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ 19:00-ին ակցիա է մեկնարկել ընդդեմ Ռուսաստանի Սոչի քաղաքից այսօր Բաթումիի նավահանգիստ նավարկած ռուսական զբոսաշրջային ASTORIA GRANDE նավի:

Ի դեպ, ժամը 20:00-ին Բաթումիի նավահանգստում ևս բողոքի է ակցիա սկսվել:

Ակցիայի նախաձեռնողներից Թազո Մախարաձեն ասել է, որ նավը չպետք է Ռուսաստանից մտներ Վրաստան ոչ Ուկրաինայում ընթացող պատերազմի ժամանակ, ոչ էլ նախկինում, քանի որ Ռուսաստանն օկուպանտ է։

«Այս նավի ժամանման նպատակը մեզ Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից հեռացնելն է։ Այս գործընթացների ընդհատման միակ ճանապարհն այս իշխանության փոփոխությունն է»,- «Բաթումելեբի» պարբերականին ասել է Մախարաձեն։

Ակցիայի մեկ այլ նախաձեռնող Ցոտնե Միրցխուլավայի կարծիքով՝ զբոսանավի վրա գտնվող ՌԴ քաղաքացիների մեկնաբանությունները վկայում են, որ նրանք չեն հարգում Վրաստանի իրավասությունն ու ինքնիշխանությունը։

Բաթումի ժամանած ռուս զբոսաշրջիկները հակավրացական և օկուպացիոն հայտարարություններ են արել: Զբոսաշրջիկներից մեկն ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությանն ասել է, որ իրենք «Աբխազիան ազատագրել են Վրաստանից»:

«Մենք ձեզնից ազատագրեցինք Աբխազիան։ Նրանք մեզանից օգնություն խնդրեցին։ Դուք տանկերով գնացիք նրանց վրա։ Մենք տեսանք այդ տանկերը։ Ես Աբխազիայում էի։ Մենք տեսանք առանց պատուհանների տներ։ Տները քանդողները դուք էիք»,- ասել է նավի ուղևորը: