Արսեն Կարապետյանը Ախալքալաքի ՄԱՇ-ի գրասենյակի ղեկավարն է

Ախալքալաքից քաղաքական գործիչ Արսեն Կարապետյանն ընտրվել է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության Ախալքալաքի գրասենյակի ղեկավար։

Արսեն Կարապետյանը տարիներ շարունակ աշխատել է ուժային կառույցում։ Մինչև 2012 թվականը եղել է Նինոծմինդայի շրջանային ոստիկանության բաժնի պետը։ 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն էր։ 2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է որպես «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջադրած Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու։ Քաղաքական կյանքին զուգահեռ՝ Կարապետյանի համար, ինչպես ինքն է ասում` ուրիշ աշխարհ է ավտոմեքենաներով մրցավազքը. նա սիրողական մրցավազքային վարորդ է։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Կարապետյանը պատմում է, որ իր քաղաքական ուղին սկսել է 2012 թվականից՝ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։

Թե 2012 թվականին ինչու է թողել աշխատանքը, Կարապետյանը պարզաբանում է․

«Շատերը նման հարցին ի պատասխան կասեն՝ հեռացրին աշխատանքից, նեղացած եմ և այլն։ Իմ դեպքն այլ էր. ինքս իմ կամքով դուրս եկա աշխատանքից, քանի որ այն, ինչ այսօր տեսնում է Վրաստանի ժողովուրդը, ես տեսա այն ժամանակ։ Այն, որ իշխանությունը կոլաբորացիոնիստ է։ Կմեկնաբանեմ այսպես՝ կշեռքի մի նժարին վարձատրումս էր, մյուս նժարին՝ անունս ու պատիվս»։

2020 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է որպես «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջադրած Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու։ Թե ինչու հետագայում ընտրեց ՄԱՇ-ը, Կարապետյանը նշում է՝ որովհետև նախընտրում եմ ակտիվ քաղաքական և քաղաքացիական կյանք․ «Իսկ այդ առումով աչքի է ընկնում ա՛յս կուսակցությունը. բողոքի ցույցեր, ակտիվություն, դա ևս մեր արտահայտվելու իրավունքն է։ Ես, իհարկե, համաձայն չեմ տարածված խոսքին՝ «չխառնվել պետության գործին». եթե տվյալ օրենքն ու օրինագիծը ինձ դուր չեն գալիս, սահմանափակում են իմ իրավունքները, վնասում են ինձ, ես պետք է պայքարեմ»։

Հարցին, թե ինչ գնահատական կտա վերջին ՏԻՄ ընտրություններին՝ Կարապետյանը պատասխանեց․

«Ես հարգում եմ իմ ժողովրդի ընտրությունը, չէ՞ որ դա գիտակցված ընտրություն էր, և ոչ ոքի չեմ կարող մեղադրել պարտության համար։ Սակայն, կան շատ թերություններ թե՛ ընտրությունների ընթացքի, թե՛ նախընտրական մասում։ Ուզում եմ պատմել իմ անձնական փորձից մի դեպք. վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ զանգում են ինձ ինչ-որ կազմակերպությունից և ռուսերեն հարցնում Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուների մասին, ասում են՝ «կա երկու թեկնածու, մեկը «Վրացական երազանք» կուսակցությունից առաջադրված, մյուսը «ՄԱՇ»-ից, հարցնում եմ՝ գուցե կա նաև ա՞յլ թեկնածու, ասում են. «Ա՛խ, դուք Արսեն Կարապետյանին նկատի ունեք»», — պատմում է Կարապետյանն ու շարունակում․

«Այս դեպքում խնդիրը երկկողմանի է, և այն հանգամանքը, որ «մոռանում են» թեկնածուներից մեկին, մյուսն էլ՝ որ հարցումն անցկացվում է ռուսաց լեզվով։ Ինչո՞ւ չվարձել հայալեզու մասնագետի, որ հարցումն անցկացնի հայերեն, եթե հայերի հետ են ուզում զրուցել»։

Արսեն Կարապետյանը մեկ խնդիր ևս ընդգծում է ընտրություններին առնչվող․

«Կրկնվող քաղաքական խոստումների մասին խոսելն ավելորդ եմ համարում արդեն, երբ բոլոր հարթակներում նույն տեսքստերն են դրվում։ Այլ խնդիր է և ավելի՛ հին խնդիր է, երբ թեկնածուն` այցելելով Սամցխե-Ջավախեթի, խոսելով ժողովրդի հետ, ասում է. «Դուք պե՛տք է․․․», «Դուք պարտավո՛ր եք․․․»։ Սա բոլոր ժամանակների իշխանությունների խնդիրն է, իսկ մենք, պարտավորություններից բացի, ունենք նաև իրավունքներ, և ժողովուրդը պետք է գիտակցի սա»։

Կարապետյանն, իր իսկ խոսքով` իրեն համարում է Վրաստանի ճիշտ քաղաքացի և ճիշտ հայ։ Իր քաղաքական ուղու մասին խոսքը եզրափակելով` քաղաքական գործիչը չի մոռանում ընդգծել, իր կարծիքով, մարզում առկա ամենաառաջնային խնդիրները․

«Այս երկուսի համատեղումը նշանակում է պահպանել ավանդույթները և լինել պիտանի քո հողին ու ջրին, իմ դեպքում՝ Ջավախք աշխարհին և համապատասխանաբար` նաև Վրաստանին։

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա, ըստ իս, հաճախ կենտրոնանալով ավելի փոքր խնդիրների վրա` շեղվում ենք առավել կարևոր խնդիրներից։ Ես կառանձնացնեմ տեղում աշխատանք գտնելու երիտասարդության խնդիրը։ Լեզվին տիրապետող լավ մասնագետը չի կարողանում գտնել աշխատանք, իսկ տեղի պետական կառույցներում աշխատում են նաև այնպիսի մարդիկ, որոնք երկար տարիներ զբաղեցնում են տվյալ հաստիքը և շատ հաճախ չունեն այնքան գիտելիք ու ունակություն, որքան ունեն այժմյան երիտասարդները, որ, վրաց լեզվից բացի, տիրապետում են անգլերենին, ֆրանսերենին և այլ լեզուների»,- ասաց նա։

Արսեն Կարապետյանն առանձնացրեց մի կարևոր խնդիր ևս․

«Երկրորդ խնդիրը, որի վրա թեկնածուներից շատերը կառուցում են իրենց խոստումները` ջրի խնդիրն է, որը 15 տարի է առանցքայիններից է այս տարածքում։ Նշեմ երկու գյուղ՝ Վարևան և Սուլդա. այստեղ մարդիկ այսքան տարի է ջրի խնդիր ունեն, ուստի ժողովուրդը չպետք մոռանա և պետք է պահանջկոտ լինի. երբ լսում է խոստում, պետք է հետևողականորեն պահանջի դրա կատարումը»։