Բողոքի ցույց Զուգդիդիիում․ պահանջում են արգելել փողոցային առևտուրը

Վրաստանի Զուգդիդի քաղաքի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով արգելել փողոցային առևտուրը։ Ի նշան բողոքի՝ նրանք փորձել են փակել շուկայի մուտք տանող ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։

Ցույցի մասնակիցներն ասել են, որ փողոցում ամեն ինչ վաճառում են, ինչի պատճառով գնորդն այլևս շուկա չի մտնում։ Իրենց եկամուտների կրճատման պայմաններում, ի տարբերություն փողոցում առևտուր անող առևտրականների, ստիպված են վճարել նաև շուկայում սահմանված հարկերը։

Նշենք, որ Զուգդիդիում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները տարիներ շարունակ փորձում են արգելել փողոցային առևտուրը, սակայն ամեն անգամ բողոքի ցույցերից հետո կրկին թույլատրում են։