Բորջոմի․ հայերն ազգապահպանման ու ուծացման միջև

Բորջոմի մուտք գործելիս զգացվում է ազգությունների բարեկամությունը: Անտառաշատ հանգստավայրում ամեն քայլափոխի հնարավոր է հանդիպել խառը ազգություններով ընտանիքների: Մեծամասնությունը, ի դեպ, վրացերեն է խոսում, լեզվի խնդիր այստեղ չկա:

2014 թվականի մարդահամարի համաձայն` Բորջոմիի բնակչությունը կազմում է 10,546: Այստեղ ապրում են հիմնականում վրացիներ, օսեր, հայեր, հույներ: Հայերն կազմում են 4,3 տոկոսը:

«Այստեղ բոլորը հայ են, որ տաղավարին նայես՝ տերը հայ է, բայց նրանց հայ չկոչես, կռիվ կանեն: Նրանք «շուռ տված», ազգանունները փոխած՝ վրացացած են»,- Բորջոմիում «Ալիք Մեդիայի» հարցին, արդյոք քաղաքում հայեր են բնակվում, պատասխանում է ազգությամբ վրացի Դավիթ պապը, հետո սկսում է թվարկել՝ «օրինակ կողքի խանութը վրացացած հայի է պատկանում, դրա կողքինն էլ»:

Դավիթ պապն ասում է՝ հուշանվերների ամենամեծ խանութն Ամալյա Ստեփանյանինն է, նա այս տարածքում այն եզակիներից է, ով ազգանունը չի փոխել, չնայած, որ ամուսինն ազգությամբ վրացի է:

Ամալյա Ստեփանյանն արմատներով Բորջոմիից է: Առաջիններից է, ով Բորջոմիի ազգային պարկի հարակից տարածքում բացել է հուշանվերների խանութ, հետագայում ավելացել են նաև տեղի կոնից ու այլ մուրաբաները, վրացական զարդերն ու այն ամենն, ինչ կհետաքրքրի զբոսաշրջիկներին: Ամալյա Ստեփանյանն ասում է՝ այս հարցում ի սկզբանե նրան ադրբեջանցի է օգնել.

«Մեր տան մի մասը հյուրանոցի ենք վերածել, մի անգամ հյուրընկալում էինք Թբիլիսիից մի ադրբեջանցու, նա էլ առաջարկեց զբաղվել հուշանվերների վաճառքով: Որոշ ժամանակ անց նրա օգնությամբ սկսեցի ապրանքը բերել Բորջոմի»:

«Մենք այստեղ ընկերներ ենք»,- ասում է Ստեփանյանը՝ խոսելով Բորջոմիում բնակվող տարբեր ազգությունների մասին: Ինքն էլ՝ ամուսնացած է ազգությամբ վրացու հետ, ունի 4 երեխա: Ցավում է միայն, որ Բորջոմիում չկա ոչ հայկական դպրոց, ոչ էլ համայնք: Ամենամոտ հայկական դպրոցն Ախլցխայում է: