Բունդեսթագի արձագանքն ընդդեմ «ռուսական օրենքի»

Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխաել Ռոթը հանդիպել է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լևան Իզորիայի հետ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից «ռուսական օրենքն» առաջին ընթերցմամբ ընդունելու պատճառով։ Այս մասին X-ի իր էջում գրում է Միխաել Ռոթը։

«Ես հրավիրել եմ Վրաստանի դեսպան Լևան Իզորիային՝ խոսելու նախատեսվող «գործակալական օրենքի» մասին։ Ես աջակցում եմ Վրաստանի քաղաքացիական հասարակության բազմակուսակցական բողոքին. օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքների հետ, գումարած դրան՝ վտանգ է ներկայացնում Վրաստանի դեպի Եվրամիություն ուղու համար»,- գրում է Ռոթը։

«Վրացական երազանքը» «գործակալների օրենքը», որը հայտնի է որպես «ռուսական օրենք», խորհրդարան է վերադարձրել 2024 թվականի ապրիլի 3-ին։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այն ընդունել է ապրիլի 17-ին:

Օրենքի նախագիծը վերստին խորհրդարան բերելուց հետո Թբիլիսիում զանգվածային ցույցեր են սկսվել․ քաղաքացիները ամեն օր բողոքում են օրինագծի ընդունման գործընթացի դեմ մայրաքաղաքի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի դիմաց։

Եվրամիությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները բազմիցս զգուշացրել են վրացական իշխանություններին, որ օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնա դեպի Եվրամիություն Վրաստանի առաջընթացի վրա։