Բժիշկ Գափրինդաշվիլին կմնա անազատության մեջ

Դեկտեմբերի 13-ին Ցխինվալիում կայացած դատական նիստի ընթացքում դատավոր Ֆատիմա Պարաստաևան վրացի բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին թողեց երկամսյա նախնական կալանքի տակ: Ըստ նախնական տեղեկությունների, դատավարությունը կվերսկսվի հաջորդ շաբաթ:

Գափրինդաշվիլիի դատավճիռը պետք է քննարկվեր այսօր, սակայն սպասվում էր, որ նրան հենց այսօր կազատեին դատարանի դահլիճից: Դատավարությունը փակ էր և նույնիսկ տեղի լրագրողները չեն կարողացել մասնակցել:

Վաժա Գափրինդաշվիլիի ազատ արձակման հարցը դեկտեմբերի 10-11-ին կայացած ժնևյան միջազգային քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն էլ` Ժնևի բանակցություններից հետո՝ խոսելով բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի մասին ասել էր«Լսեցինք երկու կողմերի տեսակետները: Հույս ունենք, որ մոտ ապագայում պարոն Գափրինդաշվիլին իր հարազատների մոտ կվերադառնա: Մեր բոլորի շահերից է բխում, որ այս հարցը դուրս գա օրակարգից: Թե ինչպես ազատ կարձակվի, մի հարցրեք»:

Նշենք, որ բժիշկ, Վրաստանի օրթոպեդ-վնասվածքաբանների ընկերակցության նախագահ  Վաժա Գափրինդաշվիլին այս տարվա նոյեմբերի սկզբին ձերբակալվել էր Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի տարածքում՝ ռուս սահմանապահների կողմից և մեղադրվում էր «սահմանը ապօրինի հատելու մեջ»։ Ըստ մամուլի հրապարակումների, նա մեկնել էր հիվանդին օգնելու համար։