Տեսանյութ․ Իշխանության հանրահավաքը մեկնարկում է

Հազարավոր քաղաքացիներ Վրաստանի տարբեր շրջաններից Թբիլիսի են եկել՝ մասնակցելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության մեծամասշտաբ հանրահավաքին։

Իշխանությունը հայտնել է, որ  կողմնակիցների ու ակտիվիստների հավաքի առիթը Եվրոպայի խորհրդում Վրաստանի նախագահության տոնակատարություններն են։

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախագահ երկրի կարգավիճակ պաշտոնապես ստացել է նոյեմբերի 27-ին։ Իշխող կուսակցությունն այս առիթը տոնել որոշել է գրեթե մեկ ամիս անց։

Այդ իրադարձությունը տոնվում է հանրահավաք-համերգով՝ «Վրաստանի ուղին՝ դեպի Եվրոպա» կարգախոսի ներքո։ Հիմնական միջոցառումը նախատեսված է ժամը 16։00-ին՝ Թբիլիսիի Հանրապետության հրապարակում։ Քաղաքում տրանսպորտի երթուղիները փոփոխվել են, կենտրոնական փողոցներում երթևեկությունը սահմանափակ է։ Խցանումներ են հիմնական փողոցներում, մարդկանց կուտակումներ՝ մետրոյում։

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետ և իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել էր, որ միջոցառման նախաձեռնողը կուսակցության երիտթևն է։ Ըստ Կալաձեի՝ սա ուղղված է այն մարդկանց, «ում համար Վրաստանի եվրոպական ապագան կարևոր ու արժեքավոր է»։ Իշխանությունը բոլոր համախոհներին հրավիրել է հանրահավաքի ու շրջաններից եկողներին տրանսպորտ տրամադրել։

Մի շարք կազմակերպություններ, սակայն չեն հավատում իշխող կուսակցության տոնական մտադրություններին։ Նույն կարծիքին է նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան, ով հայտարարել է, որ հազարավոր մարդկանց ստիպել են շրջաններից մայրաքաղաք հասնել՝ սպառնալով ազատել աշխատանքից։ Սա իշխանության քայլն է՝ ի պատասխան միավորված ընդդիմության պարբերական հավաքների։

Մարդիկ ճանապարհ են ընկել դեռևս լուսադեմին։ Ըստ լրատվամիջոցների՝ միայն Քութայիսիից 4000 մասնակից է գրանցվել։ Իսկ Զուգդիդիի մունիցիպալիտետից հանրավաքի նպատակով 6000 մարդ է եկել։

Փոթիից եկած՝ իշխող կուսակցության աջակիցներն ասել են, որ երիտասարդների մասնակցությունը կենսականորեն անհրաժեշտ է՝ եվրպական ինտեգրման ճանապարհին։