Բժիշկներն իրենց աջակցությունն են հայտնել հացադուլ հայտարարած պատգամավորներին

Վրաստանի խորհրդարանում արդեն մի քանի օր է 9 ընդդիմադիր պատգամավոր հացադուլ է հայտարարել։ Այս առիթով խորհրդարանում ներկա է բժիշկների բազմապրոֆիլ խումբ։ 

«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության անդամ, առողջապահության փորձագետ Սերգո Չիխլաձեի խոսքով, հիմնական պահանջն է Միխեիլ Սաակաշվիլիին անհապաղ համապատասխան կլինիկա տեղափոխել։ 

Չիխլաձեն հայտարարել է, թե խորհրդարան եկած բժիշկներն իրենց աջակցությունն են հայտնել բոլոր հացադուլ հայտարարածներին։ 

Ըստ բժիշկների՝ Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես հիվանդի, իրավունքներն ամբողջությամբ ոտնահարված են, ուստի պատգամավորներին խնդրում են օգտագործել իրենց լծակները, անհապաղ կանչել արդարադատության նախարարին և հարցնել, թե ինչու Սաակաշվիլիին չեն տեղափոխում։ 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին արդեն 50 օր է, ինչ հացադուլ է հայտարարել։ Օրեր առաջ նա հայտարարել էր, որ կդադարեցնի հացադուլը, եթե իրեն տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց։ 

Վրաստանի հանրային պաշտպանի կողմից ստեղծված բժիշկների խորհրդի տվյալներով՝ նոյեմբերի 17-ի գիշերը Սահակաշվիլիի վիճակը ծանր էր։ Նրանք խորհուրդ են տվել Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել բազմաֆունկցիոնալ կլինիկա, ինչը կառավարությունը մինչ այժմ չի արել։ 

Նոյեմբերի 18-ի երեկոյան Միխեիլ Սաակաշվիլին կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել բանտային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ 

Արձագանքել է նաև Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ կոչ անելով իշխանություններին իրականացնել օմբուդսմենի հանձնարարականները։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր