#CheckinTbilisi. գինու փառատոն, Մցխեթոբա. շաբաթավերջի լավագույն միջոցառումները

Ի՞նչ անել շաբաթավերջին Թբիլիսիում: «Ալիք Մեդիան» շարունակում է #CheckinTbilisi շարքը՝ ներկայացնելով շաբաթ և կիրակի օրերին կայանալիք լավագույն միջոցառումները: Հոկտեմբերը Վրաստանում հայտնի է խաղողի բերքահավաքով, ինչն, իհարկե, ասոցացվում է գինու հետ: Իսկ քանի որ հոկտեմբերը Վրաստանում հայտարարվել է գինու ամիս, շարունակվում են նաև գինովցած շաբաթները: Այս շաբաթվա լավագույն միջոցառումներն են գինու փառատոնը և Մցխեթոբան (Մցխեթայի տոնը):

Եվ այսպես, եթե գինու սիրահար ես, ոչ մի դեպքում բաց չթողնես հոկտեմբերի 13-ին նախատեսված փառատոնները՝ Թբիլիսիում և Գուրջաանիում: «Գուրջաանիի միջազգային գինու փառատոն 2018-ը» կանցկացվի Գուրջաանիի Ախտալայի այգում, ժամը 12:00-ից 17:00-ը: Այստեղ հնարավորություն կունենաս Կախեթիի և եվրոպական գինի համտեսելու, ինչպես նաև տարբեր մշակութային միջոցառումներին մասնակցելու:

Գինու փառատոն նախատեսվում է նաև Թբիլիսիում՝ միջոցառումը կմեկնարկի 12:00-ին, կշարունակվի մինչև 19:00, Շարդենում, Սիոնիի փողոցում: «Վրացական գինու փառատոնն» այն մարդկանց համար է, ովքեր ցանկություն ունեն ավելի լավ ծանոթանալու վրացական գինու պատմության ու տարատեսակների հետ:

Մինչ այդ, առաջարկում ենք հանգիստը սկսել արդեն իսկ ուրբաթ օրվանից՝ Մզիուրի այգում, ավանդույթի համաձայն, բացօթյա կինոդիտում կկայանա: Այս անգամ ներկաները կդիտեն «Խաբեբայություն» ֆիլմը: Սկիզբը ժամը 19:40-ին: Հոկտեմբերյան սառը երեկոն ջերմ մարդկանց հետ՝ մեկ բաժակ թեյով ու լավ ֆիլմով, էլ ի՞նչ է հարկավոր վիքենդը սկսելու համար:

Շաբաթավերջը եզրափակենք Մցխեթոբա (Մցխեթայի տոն)- Սվետիսցխովլոբայով: Այս օրը անպայման այցելիր Մցխեթա, Թբիլիսիից ոչ շատ հեռու գտնվող, Վրաստանի պատմական մայրաքաղաք: Առավոտյան ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում Սվետիսցխովելի եկեղեցում տեղի կունենա տոնական պատարագ, ինչից հետո կմեկնարկեն տոնական միջոցառումնրը, իսկ երեկոն կամփոփվի համերգով:

«Ալիք Մեդիան» անմոռանալի վիքենդ է մաղթում։