#CheckinTbilisi. Թբիլիսիի գրքի օրեր, Արվեստի երեկո, Փողոցային երաժշտության օր

Ինչպե՞ս անցկացնել շաբաթավերջը Թբիլիսիում՝ հետևել Ալիք Մեդիայի #CheckinTbilisi նախագծին ու ծանոթանալ քաղաքում տեղի ունեցող լավագույն միջոցառումներին.

Շաբաթավերջը սկսում ենք տոնել ուրբաթ օրվանից: Ավանդույթի համաձայն, չենք մոռանում Մզիուրի այգում ընթացող բացօթյա ֆիլմերի դիտումների մասին: Այս անգամ տաք թեյի ու ընկերների հետ կարող եք դիտել «Ազատության գրողները» ֆիլմը: Սկիզբը՝ ժամը 20:00-ին:

Շատերի կողմից սպասված միջոցառում՝ Թբիլիսիի գրքի օրեր: Նոյեմբերի 9-11-ը հնարավորություն կունենաք այցելել ExpoGeorgia, որտեղ ներկայացված կլինեն Վրաստանի ամենատարբեր հրատարակչությունների ամենատարբեր գրքեր: Մուտքը՝ 2 լարի, աշակերտների և ուսանողների համար անվճար է: ExpoGeorgia-ի 11-րդ տաղավարը բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 17:00-ն:

Նոյեմբերի 9-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու Թբիլիսիի Բարոկո փառատոնի բացմանը: Մինչև դեկտեմբերի 5-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենան համերգներ: Տոմսեր ձեռք բերելու համար անցեք հետևյալ հղումով։

Փողոցային երաժշտությունը և փողոցային երաժիշտներն օրեցօր էլ ավելի հայտնի են դառնում Վրաստանում: Այդ պատճառով նոյեմբերի 10-ը ձեր օրացույցներում նշեք Փողոցային երաժշտության օր և դուրս եկեք Ռուսթավելի պողոտա՝ վայելելու այն շաբաթ օրը ժամը 15:00-ին։

Արվեստի երեկո Թբիլիսիում: Գեղեցիկ թբիլիսյան պատմական տուն, Dzidzikashvili Art-Photo լուսանկարներով ու Մարիամ Քալեբաշվիլիի պոեզիայով, գլինտվեյնով (տաք գինի) ու բուխարով: Շաբաթ օրը, նոյեմբերի 10-ին, ժամը 18:00-ին Մազնիաշվիլիի 18/1 հասցեում: