Չեմ ուզում Սաակաշվիլին բանտում մահանա․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որպես պետության ղեկավար չի ցանկանում` նախկին նախագահը մահանա բանտում, միաժամանակ նշել է, որ Սաակաշվիլիի ներմանը կհետևի քաղաքական բևեռացումը։

«Դուք որպես նախագահ իրավունք ունեք ներում շնորհելու Միխեիլ Սաակաշվիլիին։ Ինչո՞ւ չեք անում դա» — Սալոմե Զուրաբիշվիլիին հարցրել է լրագրողը։

«Ես Վրաստանում մանրամասն բացատրեցի, թե ինչու չեմ ներում շնորհել նրան: Դա մեծ բևեռացնող գործոն է, սակայն միաժամանակ պետության ղեկավարն եմ և չեմ ուզում, որ նախկին նախագահը բանտում մահանա կամ անդառնալի հետևանքներ կրի։

Ես շատ ուշադիր հետևում եմ նրա բժշկական հսկողությանը: Ես հրապարակայնորեն հայտարարեցի, որ կարծում եմ` նա պետք է տեղափոխվի արտերկիր՝ լրացուցիչ բուժման նպատակով, թեպետ դա դատարանի գործն է»։

Նշենք, որ Միխեիլ Սաակաշվիլին մայիսի 12-ից գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում։ Ընտանիքն ասում է, որ Սաակաշվիլիի վիճակն անընդհատ վատանում է, իսկ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ Սաակաշվիլին լիարժեք բուժում է ստանում Վրաստանում, և բուժման նպատակով նրա տեղափոխումն այլ երկիր չի դիտարկվում։