Չեխիան աջակցում է եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու Վրաստանի ջանքերին

Նոյեմբերի 10-ին Թբիլիսիում կայացել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի և Վրաստանի արտաքին գործերի նախարար (ԱԳՆ) Իլիա Դարչիաշվիլիի հանդիպումը:

Հանդիպումից հետո Վրաստանի ԱԳ նախարար Դարչիաշվիլին նշել է, որ չեխ գործընկերոջ հետ քննարկվել են երկու երկրների սերտ համագործակցության հարցերը։ Նրա խոսքով, ինքը Չեխիայի ԱԳ նախարարին մանրամասն տեղեկություն է տրամադրել Վրաստանի կողմից Եվրահանձնաժողովի հանձնարարականների կատարման ընթացքի և այն առաջընթացի մասին, որին Վրաստանը հասել է Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին։

Երկու երկրների արտգործնախարարների հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակին և Ուկրաինայում շարունակվող պատերազմին։

Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին նկատել է, որ ուկրաինական պատերազմին զուգահեռ երևում է, թե որքան կարևոր է եվրոպական աջակցությունը Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման համար։

Նա ընդգծել է, որ Չեխիան պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Լիպավսկիի խոսքով՝ Չեխիան աջակցում է Վրաստանի ջանքերին՝ Եվրամիությանն ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրվելու ուղղությամբ։

Նա նաև ընդգծել է քաղաքական բնագավառում առկա բևեռացումը և նշել, որ Վրաստանը պետք է ջանքեր գործադրի բևեռացումը նվազեցնելու համար, որպեսզի իրականացնի իր նպատակները, և երկիրը ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Չեխիայի դեսպանատանը հանդիպում է տեղի ունեցել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ։

Հարկ է նշել, որ Չեխիայի ԱԳՆ ղեկավարի այցը Վրաստան` իրականացվում է Եվրամիության խորհրդում Չեխիայի նախագահության ընթացքում։