Չնայած պաշտոնապես փակ սահմաններին, հայրենիք վերադառնալը հնարավոր կլինի

«Երկու երկրները կապահովեն հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած քաղաքացիների անարգել մուտքը իրենց երկիր», — կորոնավիրուսի պատճառով Վրաստան-Հայաստան սահմանը փակելու մասին իր գրառման մեջ նշել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Վերոնշյալը ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր գտնվում են Վրաստանում և ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան, ապա անարգելք կկարողանան անցնել սահմանը, և հակառակը՝ Հայաստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները՝ ցանկության դեպքում, կարող են վերադառնալ Վրաստան:

Հիշեցնենք՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Զրույցից հետո համատեղ որոշում է կայացվել՝ մարտի 14-ից սկսած՝ 10-օրյա ժամկետով դադարեցնել քաղաքացիների տեղաշարժը Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան ուղղություններով: Միևնույն ժամանակ, կողմերը պայմանավորվել են ապահովել տուն վերադառնալ ցանկացող իրենց քաղաքացիների անխափան մուտքը:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների համար: