Չճանաչված Աբխազիան և Հվ․ Օսիան ԼՂ-ում. ինչպես է արձագանքում Վրաստանի ԱԳՆ-ն

«Չճանաչված Լեռնային Ղարաբաղում ընթացող, այսպես կոչված, ֆուտբոլային առաջնությունում Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններից ֆուտբոլային թիմերի մասնակցությունը չի ենթադրում և չի կարող օկուպացիոն ռեժիմիներին որևէ կերպ լեգիտիմություն հաղորդել», — մեկնաբանելով Ղարաբաղում այս օրերին անցկացվող չճանաչված շրջանների ֆուտբոլի առաջնությունը, հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդը։

Նրա խոսքով, խաղերի նախաձեռնողը և կազմակերպիչը չճանաչված շրջանների ֆուտբոլային ասոցիացիաների ֆեդերացիան է՝ CONIFA-ն, իսկ «ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն բացարձակապես սահմանազատված են CONIFA-ից և նմանատիպ կազմակերպություններից, որոնցում հիմնականում չճանաչված ռեժիմների և շրջանների ֆուտբոլային ակումբներն են ներկայացված»:

Վրաստանի ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով, միջազգային հանրության դիրքորոշումն ու աջակցությունը Վրաստանի կողմից տարվող չճանաչման քաղաքականության ուղղությամբ հաստատուն է և անփոփոխ, այն արտացոլված է բազմաթիվ փաստաթղթերում, միջազգային բնույթի հայտարարություններում:

Հիշեցնենք՝ CONIFA-ի նախաձեռնությամբ Ղարաբաղում հունիսի 1-9-ը անցկացվում է «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը, որին մասնակցում է չճանաչված կամ մասնակի ճանաչված հանրապետությունների 8 թիմ:

Նման երկրներում գործող ակումբների համար CONIFA-ի մրցաշարը միակ հնարավորությունն է, քանի որ համաշխարհային հայտնի մրցաշարերին նրանք իրավունք չունեն մասնակցել։

Ստեփանակերտում մրցաշարի բացման արարողությանը ներկա է եղել Վրաստանից անջատված Աբխազիայի պատվիրակությունը՝ արտգործնախարարի, ինչպես նաև  Հարավային Օսիայից՝ նախագահի գլխավորությամբ։

CONIFA-ն (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիան), ստեղծվել է 2013 թվականին, միավորում է այն հավաքականներին կամ կազմակերպություններին, որոնք ներառված չեն ՖԻՖԱ-ի կամ կոնտինենտալ կոնֆեդերացիաների կազմում, քանի որ այդ հանրապետությունները ճանաչված չեն միջազգային լայն հանրության կողմից: