COVID-19-ի նոր ենթատեսակի ֆոնին Վրաստանում խոսում են պատվաստումների անհրաժեշտության մասին

Թբիլիսիի Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր Իվանե Չխաիձեն խոսել է «օմիկրոն»-ի նոր ենթատեսակի և պատվաստումների անհրաժեշտության մասին։

Չխաիձեի պարզաբանմամբ՝ կորոնավիրուսի նոր ենթատեսակը՝ «կրակեն»-ը, նման է «օմիկրոն»-ին և չի արտահայտվում շատ բարձր ջերմությամբ, ակնհայտ թուլությամբ, նաև չի ազդում թոքերի վրա:

«Եթե դուք ունեցել եք կորոնավիրուս մինչև 2022 թվականի հուլիսը, ուրեմն` դեռ դիմադրություն ունեք «օմիկրոն»-ի ենթատեսակի նկատմամբ: Եթե պատվաստվել եք նոր երկվալենտ պատվաստանյութով կամ սեպտեմբերից հետո ստացել եք booster (խթանիչ) դեղաչափ, ապա այս տարբերակից ձեր պաշտպանվածությունը բարձր է»,- նշել է Չխաիձեն:

Նրա խոսքով, ներկայումս հոսպիտալացման հիմնական պատճառը գրիպն է։