Ցույց Թբիլիսիում՝ 2008-ին ՌԴ-ի գործած ցեղասպանությունը ճանաչելու պահանջով

Օգոստոսի 7-ին, ժամը 21:00-ին, վրաց-ռուսական պատերազմի 14-րդ տարելիցին նվիրված ակցիա կանցկացվի: Այս մասին տեղեկացնում Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Ակցիան կրում է «Գործի՛ր ցեղասպանության ճանաչման համար» խորագիրը:

Ակցիայի կազմակերպիչներն են «Տաբուլա» հեռուստաընկերությունը, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը, «Ընտրողների կրթության հասարակությունը», «Ազատության ինստիտուտը» և «Աբխազական ասամբլեան»:

«Հանրահավաքին կցուցադրվի ֆիլմ, որը պատկերում է Աբխազիայում Ռուսաստանի կողմից մարդկության դեմ գործած հանցագործությունները։ Մենք պարտավոր ենք անցյալ, ներկա և ապագա սերունդներին ասել Ռուսաստանի մասին ամբողջական ճշմարտությունը։ Ռուսաստանն Աբխազիայում կազմակերպեց վրացիների ցեղասպանություն»,- ասված է տարածված տեղեկատվության մեջ։

Ակցիայի կազմակերպիչները հանրությանը կոչ են անում մասնակցել ակցիային հանուն պատմության արդարության, ամբողջական ճշմարտության համար:

Հիշեցնենք՝ 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի պնդում է, որ Ռուսաստանը նախապես պատրաստվում էր զորքեր մտցնել Ցխինվալի, ուստի վրացական բանակը դիմել է պատասխան գործողությունների։ Ռուսական կողմն ասում է, թե զորքերը տարածաշրջան են մտցվել «քաղաքացիներին և խաղաղապահներին պաշտպանելու նպատակով»:

Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ հինգ օրերին օսական կողմն ունեցել է 365 կորուստ, վրացական կողմը՝ 412:

Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է տներն ու համալրել փախստականների և բռնի տեղահանվածների շարքերը։