Ցխինվալիի բանտից Վրաստանի երկու քաղաքացի է ազատ արձակվել

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի բանտից Վրաստանի երկու քաղաքացիներ են ազատ արձակվել։ Այս մասին տեղեկացնում է դե ֆակտո հանրապետության անվտանգության ծառայությունը, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։

Հաղորդման համաձայն, ձերբակալվածները պատիժ էին կրում «պետական ​​սահմանը խախտելու» համար։

«2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ Հարավային Օսիայի պետական ​​սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Վրաստանի քաղաքացիներ՝ 1994 թվականին ծնված Դիտո Կորինթելիին և 1988 թվականին ծնված Գիորգի Մելաձեին Ցխինվալիի շրջանային դատարանը մեղավոր է ճանաչել այս տարվա փետրվարի 13-ին։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված «պետական ​​սահմանն ապօրինի հատելը» հանցանքի համար դատապարտվել են վեց ամսվա ազատազրկման»,- նշված է տեղեկության մեջ:

Նշվում է, որ «Էրգնեթիի» անցակետում Կորինթելիին ու Մելաձեին հանձնել են վրացի իրավապահներին։

Նրանց ազատ արձակման մասին տեղեկացրել է նաև Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Ըստ գերատեսչության՝ Մելաձեի և Կորինթելիի անհապաղ ազատ արձակման համար ակտիվորեն կիրառվել է «թեժ գծի» մեխանիզմը:

Ի դեպ, Կորինթելիին և Մելաձեին իրենց համագյուղացի Խվիչա Կորինթելիի հետ օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Աձվի գյուղի եկեղեցուց առևանգել էին անցյալ տարի Գիորգոբայի երկրորդ օրը՝ նոյեմբերի 24-ին։

Աձվի Սուրբ Գիորգիի եկեղեցին արդեն մի քանի տարի է՝ գտնվում է օկուպացիոն գծի այն կողմում։ 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո անգամ տեղաբնակներն առանց խնդիրների էին այցելում եկեղեցի, սակայն մոտ 5 տարի առաջ տարածքը հայտարարվեց օկուպացված։

Ձերբակալվածների հարազատների խոսքով, Խվիչա Կորինթելին եկեղեցի էր գնացել իր եղբորորդու՝ Դիմիտրի Կորինթելիի և համագյուղացի Գիորգի Մելաձեի հետ, որտեղ նրանց ձերբակալել են և տեղափոխել Ցխինվալի։ Առողջության վատթարացման պատճառով Խվիչա Կորինթելին դեկտեմբերի 5-ին ազատ է արձակվել։ Իսկ Գիորգի Մելաձեն ու Դիմիտրի Կորինթելին բանտարկվել են։ Այս պահին Ցխինվալիի բանտում է մնում Վրաստանի 6 քաղաքացի։