Ցխինվալին Վենեսուելայի հարցում պաշտպանում է Ռուսաստանի դիրքորոշումը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի խորհրդարանը դեմ է Վենեսուելայում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը, այդ հարցում ողջունում է Ռուսաստանի դիրքորոշումը: Հիշեցնենք՝ Ռուսաստանը պաշտպանում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը։

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը գրում է, որ խորհրդարանը հայտարարություն է տարածել՝ իր լիարժեք աջակցությունը հայտնելով «Վենեսուելայում օրինական ճանապարհով նախագահ ընտրված Նիկոլաս Մադուրոյին»:

Ցխինվալիից հնչած հայտարարությունում ասված է նաև․ «ԱՄՆ-ն իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ծրագրում է նոր գունավոր հեղափոխություն իրականացնել՝ Լատինական Ամերիկայում դիրքերը ամրապնդելու նպատակով Վենեսուելայում հաստատել խամաճիկային ռեժիմ»:

Ի դեպ, Վենեսուելայում ընդդիմադիր գործիչ, Ազգային ժողովի նախագահ Խուան Գուիդոնը, որ ստացել է ԱՄՆ-ի և շատ այլ երկրների աջակցությունը, իրեն հռչակել է երկրի նախագահ, այս շաբաթ Մադուրոյին իշխանությունից զրկելու բազմամարդ հանրահավաք է կազմակերպելու: