Դարչիաշվիլիին շնորհավորել է Ադրբեջանի ԱԳ նախարարը

Ադրբեջանի արտգործնախարարը շնորհավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին՝ նշանակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանցի գործընկերը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ նշվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը, ընդգծվել է երկու երկրների սերտ համագործակցությունը և առկա կապերի բարձր դինամիկան։  

«Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Վրաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և զարգացման գործում ևս մեկ անգամ բարձր գնահատվեց։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն համագործակցել երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման համար»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։ 

Ըստ տեղեկության՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը Վրաստանի իր գործընկերոջը հրավիրել է Բաքու։