Դաուր Բուավայի մահվան գործով ձերբակալվել է ևս երկու անձ

Ներքին գործերի նախարարությունը օգոստոսի 30-ին հայտարարություն է տարածել, ըստ որի` աբխազ բլոգեր Դաուր Բուավայի մահվան փաստով ընթացող քննության շրջանակում թմրանյութերի ձեռքբերման և պահման մեղադրանքով ևս երկու մարդ է ձերբակալվել։

Խուզարկություն է իրականացվել Թբիլիսիում գտնվող երկու բնակելի տներում, որտեղ հայտնաբերվել է 10 փաթեթ «մարիխուանա» և «մեթադոն» տեսակի թմրամիջոց։

«Քրեական գործով ընթացող քննությամբ, այդ թվում՝ հարցաքննություններով հաստատվում է, որ երկու ձերբակալվածներն էլ ճանաչողական կապ են ունեցել Դաուր Բուավայի և նրա ընկերուհու հետ, որին ոստիկանությունը ձերբակալել էր երեկ»,- հայտնել է ՆԳՆ-ն։

Նախարարության փոխանցմամբ՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալված անձանցից մեկն անհատույց թմրամիջոց է փոխանցել Բուավայի ընկերուհուն, իսկ վերջինս այդ թմրամիջոցն օգտագործել է Դաուր Բուավայի հետ, որից հետո նրան թողել է կյանքի համար վտանգավոր վիճակում՝ ոչ մեկի օգնության չկանչելով։

Մեկ օր առաջ՝ օգոստոսի 29-ին, Դաուր Բուավայի գործով ոստիկանությունը ձերբակալել էր օտարերկրյա ևս մեկ քաղաքացու՝ նրան անօգնական վիճակում թողնելու մեղադրանքով։

Ոստիկանության տարածած հաղորդագրությամբ` աբխազ բլոգեր Դաուր Բուավան, որի դին իրավապահները հայտնաբերել էին օգոստոսի 27-ին Թբիլիսիի իր բնակարանում, մահացել է թմրամիջոցի օգտագործման հետևանքով, բայց բլոգերի փաստաբան Նաթիա Մեզվրիշվիլին համաձայն չէ այդ վարկածին։

Նա գործին միացել է Դաուր Բուավայի ընկերների խնդրանքով։

Դաուր Բուավային Թբիլիսիի իր բնակարանում գտել են մահվանից մի քանի օր անց՝ օգոստոսի 27-ին։

Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 115-րդ (ինքնասպանության հասցնելը) և 128-րդ (անօգնական վիճակում թողնելը) հոդվածներով, գործով շարունակվում են համապատասխան համալիր քննչական գործողությունները։