Դեկտեմբերի 12-ին կրկին խորհրդարանի մուտքերի արգելափակում է նախատեսվում

Դեկտեմբերի 12-ին Վրաստանի խորհրդարանի օրակարգում գերագույն դատարանի անժամկետ դատավորների ընտրության հարցն է լինելու: Ընդդիմությունը հերթական հանդիպումից հետո հայտարարել է, որ նախատեսում է դեկտեմբերի 12-ին արգելափակել խորհրդարանի մուտքերը:

«Մենք որոշում ենք կայացրել արգելափակել խորհրդարանի մուտքերը: Միևնույն ժամանակ մեր պատգամավորներից որոշները կփորձեն ներսից անել ամեն ինչ, որպեսզի այս գործընթացը որևէ կերպ դադարեցվի»,- հայտարարել է ընդդիմության առաջնորդներից Գիգի Ուգուլավան:

Խորհրդարանի անկախ պատգամավոր Էկա Բեսելիայի խոսքերով, այս քվեարկության ժամանակ ժողովուրդը պետք է առավելագույնը մոբիլիզացված լինի և հավաքվի խորհրդարանի դիմաց:

Հիշեցնենք, ընդդիմությունը երկու անգամ արգելափակեց խորհրդարանի մուտքերը, փորձելով խանգարել նիստերը: Երկու դեպքում էլ իշխանությունը հատուկ միջոցներ կիրառելով ցրեց ցուցարարներին: