Դիլիջանը կներկայանա որպես զբոսաշրջային կապող օղակ Հայաստանի ու Վրաստանի միջև, վստահ են «Meet Dilijan» նախաձեռնության ներկայացուցիչները: Վրաստանում նրանք շնորհանդեսով ներկայացան առաջին անգամ ու Հայաստան են վերադառնում Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հետ հուշագրով ու համագործակցության ակնկալիքներով:
Սեպտեմբերի 23-ին Թբիլիսիում, Դիլիջանի «Գրին Ռոք» հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի, Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի (GTA) և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, շնորհանդեսով ներկայացվեց Meet Dilijan նախաձեռնությունը։
Meet Dilijan նախաձեռնության նպատակն է ներկայացնել Դիլիջանի յուրօրինակ գրավչությունը որպես առաջատար զբոսաշրջային ուղղություն թե՛ տեղական, թե՛ միջազգային այցելուներին։ Հարթակը կտրամադրի տարբեր գործիքներ և ռեսուրսներ՝ այցելուներին հնարավորություն տալով խորությամբ բացահայտել քաղաքը՝ բնությամբ, հարուստ մշակույթով, խոհանոցով և այլ կարևոր շերտերով։ Նպատակն է Դիլիջանը դարձնել ավելի ճանաչելի վրացական շուկայում և նպաստել Դիլիջանում զբոսաշրջության զարգացման խթանմանը։
«Նախաձեռնության հիմնական նպատակն է Դիլիջանը ներկայացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս, իսկ այսօրվա ծրագրի նպատակն է համագործակցել Վրաստանի մեր գործընկերների հետ։ Զբոսաշրջիկները շատ հաճախ նախընտրում են միանգամից այցելել մի քանի երկիր, իսկ Դիլիջանն աշխարհագրորեն գտնվում է Հայաստանի և Վրաստանի մեջտեղում։ Մեր ցանկությունն է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկներն այցելեն նաև Հայաստան, իսկ Հայաստան այցելողները՝ նաև Վրաստան»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց «Meet Dilijan» նախագծի համակարգող Դիաննա Ասլանյանը։
Շնորհանդեսի ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց HoReCa ոլորտին (հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ), քանի որ հյուրանոցներն ու հանրային սննդի օբյեկտները լինելու են Վրաստանից զբոսաշրջային հոսքի ավելացման հիմնական շահառուները։
Խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Նա գոհունակությամբ նշեց, որ, ինչպես Դիլիջանում, այնպես էլ ամբողջ Հայաստանում վերջին տարիներին վրաց զբոսաշրջիկների հոսքը բավական ակտիվացել է: Նա նաև ընդգծեց Դիլիջանի` որպես զբոսաշրջային կենտրոն լինելու և նրա արագ զարգացման մասին։
Հանդիպման շրջանակներում համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հետ, որը ենթադրում է զբոսաշրջության ոլորտում համագործակցություն: Կողմերը նշեցին՝ այս պայմանը միայն թղթի վրա չի մնալու:
Նշենք, որ Վրաստան տարեկան այցելում են ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկներ, իսկ Հայաստան` գրեթե 2,5 միլիոն։ Թե՚ Վրաստանում, թե՚ Հայաստանում զբոսաշրջությունը ակտիվ զարգանում է հատկապես վերջին տարիներին։

