Դիտորդներն ու անվտանգությունը շփման գծում ռուս սահմանապահների տեղաշարժը չեն հաստատում

Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավարը Twitter-ի իր էջում անդրադարձել է տարածված տեղեկատվությանը, ըստ որի վրաց-օսական շփման գծում իրավիճակը լարված է։

«EUMM-ն այս պահին մոնիտորինգ է իրականացնում Խուրվալեթիի տարածքում։ Սահմանազատման նոր դեպքեր չկան։ Մենք որևէ միջադեպ չենք գրանցել: Բոլոր մեխանիզմները, ներառյալ թեժ գիծը կապն արագ ապահովելու համար էլ ավելի ակտիվ են աշխատում», — գրել է EUMM-ի ղեկավար Էրիկ Հոգը:

Տեղեկատվությանն անդրադարձել է նաև Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը՝ կոչ անելով զերծ մնալ սադրիչ հայտարարություններից:

«Այս փուլում առկա տեղեկատվության համաձայն, չի հաստատվում այն փաստը, որ ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները գտնվում են Վրաստանի կենտրոնական կառավարության կողմից վերահսկվող տարածքում: Հատուկ անհատների կողմից տարածված տեղեկատվությունը ստուգվում է, տեղեկացված է ԵՄ մոնիտորինգի առաքելությունը և բոլոր միջազգային գործընկերները», — ասվում է ՊԱԾ-ի տարածած հայտարարությունում:

Ըստ ՊԱԾ-ի, ռուսական կողմից իրականացվող ցանկացած գործողություն լարում է իրավիճակը:

Հիշեցնենք՝ այսօր վրացական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահները դիրքերը տեղակայել են Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղի բնակիչներին պատկանող այգիներում։