Մարտի 18-29-ը կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունները

Մարտի 18-29-ը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համատեղ վարժական ու գնահատման կենտրոնում (JTEC) կանցկացվեն «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները։ Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վլադիմեր Չաչիբայան։

«ՆԱՏՕ-Վրաստան զորավարժությունների ժամանակ Վրաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»,- ընդգծել է նա՝ վստահեցնելով, որ հիշյալ զորավարժությունները առավելագույնս բարձրացնելու են Վրաստանի պաշտպանական կարողությունները։

«Նախորդ զորավարժություններին հիմնական պատասխանատվությունը կրում էին ՆԱՏՕ-ի միջազգային ներկայացուցչությունները, սակայն, այս անգամ այն լիովին դրված է վրաց զինվորականների վրա»,-ասել է նա։

Գլխավոր շտաբի պետի խոսքով, «ՆԱՏՕ-Վրաստան» զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, իրականացվում են Վրաստանի ԶՈւ-ի մարտունակության բարձրացման համար:

Զորավարժություններին մասնակցում է ՆԱՏՕ-ի 21 դաշնակից երկիր (Ալբանիա, Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Հոլանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Թուրքիա եւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի 3 գործընկեր երկիր՝ Ադրբեջան, Վրաստան եւ Շվեդիա)։