Դրական եզրակացություն Վրաստան-ՀՀ ID քարտով ելումուտի համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել վրաց-հայկական համաձայնագրին, որով Վրաստանի և ՀՀ քաղաքացիները կկարողանան փոխադարձ ճամփորդել առանց մուտքի արտոնագրի՝ սահմանապահին ներկայացնելով միայն նույնականացման քարտը (ID քարտ):

Հարկ է նշել, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վավերացրել է փաստաթուղթը, սակայն նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեռ չի ստորագրել օրենքը:

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները հայ-վրացական սահմանը կհատեն ID քարտով՝ առանց անձնագրի:

Այս պահի դրությամբ վրաց-հայկական սահմանը դեռևս կարելի է հատել միայն ճամփորդական անձնագրերով:

Ընդգծենք նաև, որ Վրաստանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմ չի գործում: