Ըստ Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տղեմալաձեի՝ մայրաքաղաքի 12 մետրոկայարանների վերականգնման նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի տարեվերջին։
Այս հայտարարությունը նա արել է BM.GE-ի հետ զրույցում։
Փոխքաղաքապետի խոսքով՝ նախագծի արժեքը կազմում է 55 միլիոն եվրո, և իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ֆինանսավորմամբ։ Ըստ կանխատեսումների՝ ընտրված 12 կայարանների վերականգնումն ամբողջությամբ կավարտվի մինչև 2030 թվականը։
«Մենք աշխատում ենք Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ նրանց ֆինանսավորմամբ։ Հատկացված բյուջեն 55 միլիոն եվրո է, որից 5 միլիոնը դրամաշնորհ է, իսկ 50 միլիոնը՝ վարկ։ Այս փուլում ընթանում է 12 մետրոկայարանների հայեցակարգային դիզայնի մշակումը։ Կարծում ենք, միջազգային գործընկերների և աշխատանքներն իրականացնող ընկերության հետ միասին պատրաստ կլինենք մանրամասն նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթի հայտարարմանը 2026 թվականի վերջին։
Ինչ վերաբերում է նախագծի վերջնական ավարտին, ակնկալում ենք, որ 12 կայարանների վերականգնումն ամբողջությամբ կավարտվի մինչև 2030 թվականը։ Նույն նախագծի շրջանակներում նախատեսվում է նաև ևս 10 մետրոկայարանների հայեցակարգային դիզայնի մշակում, որոնց վերականգնումը կիրականացվի արդեն հաջորդ փուլում»,- ասել է Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տղեմալաձեն։