Դուք յուրահատուկ սերունդ եք. վարչապետը՝ շրջանավարտներին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է շրջանավարտներին «Վերջին զանգի» կապակցությամբ:

Վարչապետը նրանց հաջողություն է մաղթել կյանքի «այս մեծ ճանապարհորդության մեջ»:

«Իմ երիտասարդ ընկերներին, որոնց համար այսօր հնչելու է դպրոցական վերջին զանգը, ի սրտե շնորհավորում եմ կյանքի այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ։

Այսօրվանից ձեր առջև սկսվում է բոլորովին նոր փուլ՝ նոր փորձառություններով, հարաբերություններով, ընկերներով, ապագայի ու հայրենիքի հանդեպ պատասխանատվությամբ, և որ ամենակարեւորն է՝ զարգացման նոր հեռանկարներով։

Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն արժանի տեղ կզբաղեցնի կյանքում, ձեր ուսումն ու աշխատանքը նույնքան օգտակար կլինեն մեր երկրի համար, որքան ձեր անձնական առաջընթացը»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ըստ նրա՝ կառավարությունը վաղվա Վրաստանը կերտողների համար անում է ամեն ինչ՝ ստեղծելով կրթության, ինքնաիրացման և արժանապատիվ կյանքի բոլոր պայմանները.

«Դուք յուրահատուկ սերունդ եք, և ես հավատում եմ, որ կստեղծեք այդպիսի յուրահատուկ ապագա»:

Ի դեպ, այսօր Վրաստանում հնչում է «Վերջին զանգը»: