Դյուշենի մկանային դիստրոֆիայով հիվանդ երեխաների ծնողները դիմել են հանրությանը՝ կոչ անելով միանալ իրենց ամեն երկուշաբթի՝ ժամը 17:00-ին, կառավարության վարչակազմի շենքի մոտ, նաև ամենօրյա բողոքի ցույցերին, որպեսզի պետությունը լսի իրենց ձայնը և փրկի երեխաների կյանքը:
«Ներքին գործերի նախարարությունը մեզ ցուցում է տվել վարչակազմի շենքի դիմացի պուրակում վրաններ չտեղադրել և կրճատել 24-ժամյա բողոքի ցույցի ժամկետը:
Այս ցուցումը հակասահմանադրական է և անօրինական: Պետական վարչակազմի դիմաց գտնվող տարածքը պուրակ է, որտեղ մարդկանց հավաքն ու բողոքը ոչ մեկի չեն խանգարում: Նույնիսկ եթե խանգարեր, մահացու հիվանդ երեխաների ծնողներս իրավունք ունենք այս ձևով մեր ձայնը հասցնելու պետությանը և հասարակությանը:
Ուստի այսօր՝ ժամը երեքին, այդ ցուցումները կբողոքարկենք դատարանում:
Կոչ ենք անում Մարդու իրավունքների պաշտպանին գալ ակցիայի վայր և պաշտպանել մեր իրավունքները:
Զուգահեռաբար բողոք կներկայացնենք դատախազություն՝ ոստիկանության անօրինական ցուցումների վերաբերյալ և կպահանջենք հետաքննություն սկսել հավաքների և մանիֆեստացիաների իրավունքի իրականացմանը խոչընդոտելու համար (Քրեական օրենսգրքի 161-րդ հոդված):
Կոչ ենք անում Հանրային հեռարձակողին մեզ ժամանակ տրամադրել, հրավիրել նաև իշխանության ներկայացուցիչներին ու բժիշկներին, որպեսզի հրապարակայնորեն՝ հասարակության աչքի առաջ, քննարկենք այս խնդիրը և լսենք իշխանության պատասխանը», — ասված է ծնողների հայտարարության մեջ: