Հանքանյութերի ապօրինի արդյունահանման և իրացման փաստով բացահայտվել է 6 անձ:
Ըստ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության` հետաքննության շրջանակներում բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 փաստ:
Մասնավորապես, մեղադրյալները Շիդա Քարթլիի, Իմերեթիի, Մցխեթա-Մթիանեթիի և Կախեթիի տարածաշրջաններում՝ առանց համապատասխան թույլտվության և արտոնագրի, նաև արտոնագրային պայմանների խախտմամբ, իրականացնում էին օգտակար հանածոների արդյունահանում և իրացում: Նշված փաստերով բացահայտվել է 6 անձ, որոնցից 4-ը ձերբակալված են:
«Առաջին քրեական գործի հետաքննությամբ հաստատվել է, որ մեղադրյալը Գորիի մունիցիպալիտետում՝ Դիդի Լիախվի գետի հունում, առանց համապատասխան արտոնագրի, ապօրինաբար արդյունահանել է 9163.35 մ³ ավազ-կոպիճ, ինչը շրջակա միջավայրին հասցրել է 138 հազար 50 լարի 75 թեթրիի վնաս:
Երկրորդ քրեական գործով հաստատվել է, որ Իմերեթիի տարածաշրջանում մեղադրյալները, օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստը քողարկելու նպատակով, պատրաստել են 3 մլն 443 հազար լարի արժողությամբ արտադրանքի ձեռքբերումն արտացոլող կեղծ փաստաթղթեր: Նաև, Ռիոնի գետի հունից 1 մլն 346 հազար 371 մ³ հանքանյութի անօրինական արդյունահանմամբ, շրջակա միջավայրին հասցրել են 19 մլն 561 հազար 423 լարիի վնաս:
Երրորդ քրեական գործի հետաքննությամբ հաստատվել է, որ մեղադրյալները Գուրջաանիի և Մցխեթայի մունիցիպալիտետներում անօրինական կերպով արդյունահանել են 144 հազար 793 մ³ ավազ-կոպիճ: Հանցագործությունը թաքցնելու նպատակով օգտագործվել է կեղծ հարկային փաստաթղթավորում: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 2 մլն 172 հազար 502 լարի:
Ընդհանուր առմամբ, ապօրինաբար արդյունահանվել է 1 մլն 500 հազար 327 մ³ օգտակար հանածո, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 21 մլն 871 հազար 975 լարի:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ, 194-րդ, 210-րդ, 218-րդ և 299-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է ազատազրկում 5-ից 12 տարի ժամկետով», — հայտնել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից:
Ծառայության հաղորդմամբ` Վրաստանի դատախազության հետ համակարգմամբ, երկրի տարբեր տարածաշրջաններում անցկացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, 7 տարբեր քրեական գործերով ձերբակալվել և պատասխանատվության է ենթարկվել 30 անձ: