Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղը կփոխվի, նշված է Բնապահպանական վերահսկողության դեպարտամենտի` Վրաստանի նավթի և գազի կորպորացիային (GOGC) ներկայացրած հայտարարության մեջ:
Հայտարարությունից պարզվում է, որ խողովակաշարի տեղափոխումը կատարվելու է հայկական կողմի խնդրանքով, քանի որ գազամուղի հայկական հատվածը գտնվում է Վրաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ սահմանային գոտում: Հայկական կողմի տեղեկությամբ՝ այդ գոտին 1990-ականների հակամարտության ժամանակ ականապատել է Ադրբեջանը, ինչի պատճառով դրա վերականգնումը հնարավոր չէ: Այդ իսկ պատճառով որոշվել է, որ գազամուղը պետք է տեղափոխվի մի քանի կիլոմետրով: Խողովակաշարը, որը GOGC-ն կկառուցի սահմանին, կմիանա հայկական կողմի կառուցած նոր հատվածին:
Նախագծի ռազմավարական նշանակությունը բխում է այն փաստից, որ նշված գազամուղը Հայաստանին բնական գազի մատակարարման հիմնական երթուղիներից մեկն է: Գործող սխեմայի շրջանակներում Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից՝ Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքի («Հյուսիս-Հարավ» մայրուղային գազամուղի) և «Ղազախ-Սագուրամո» գազամուղի 12 կիլոմետրանոց ճյուղավորման միջոցով:
«Եռակողմ (Հայաստան, Վրաստան և Ռուսաստան) միջպետական համաձայնագրով որոշվել է, որ Հայաստանին ռուսական գազի մատակարարումը պետք է իրականացվի Վրաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող «Վլադիկավկազ-Թբիլիսի» մայրուղային գազամուղով, որը միացված է «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազամուղին: Այդ գազամուղի 43,2-րդ կիլոմետրից կառուցվել է «Կարմիր կամուրջ-Բերդ» 12 կմ երկարությամբ և 1020 մմ տրամագծով նոր գազամուղը:
Նշված գազամուղի վերջին մեկ կիլոմետրը գտնվում է եռակողմ (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) սահմանի մոտ: 90-ականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ տեղի է ունեցել հիշյալ հատվածի ականապատում, ինչի հետևանքով այս հատվածում հնարավոր չէ գազամուղի պատշաճ շահագործումը: Վթարային իրավիճակի դեպքում վտանգի տակ կդրվի Հայաստանի անխափան գազամատակարարման հարցը: Քանի որ այդ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, որոշվել է գազամուղի խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատ գոտուց և կառուցել նոր գազամուղ անվտանգ հեռավորության վրա:
Նախագծային գազամուղի ուղեգիծը, որի երկարությունը 5548 մետր է, սկսվում է Վրաստան-Հայաստան սահմանից, որտեղ շինարարական աշխատանքների ավարտից հետո կմիանա հայկական կողմի նույնպես կառուցվող գազամուղին»,- նշված է Վրաստանի նավթի և գազի կորպորացիայի ներկայացրած հաշվետվության մեջ:
Հայաստանը բնական գազի մեծ մասը ստանում է Վրաստանի տարածքով. 2025 թվականին երկիրը Վրաստանի միջոցով ստացել է 2,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ:
2026 թվականի հունվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ TRIP նախագծի շրջանակներում քննարկվում է Ադրբեջանի և Հայաստանի էներգետիկ ցանցերի վերամիացման և նոր խողովակաշարերի շինարարության հարցը: