Ձերբակալված ցուցարարի մորը թույլ չեն տվել մտնել Վրաստան

Ըստ փաստաբան Շոթա Թութբերիձեի՝ եվրոպամետ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված Անաստասիա Զինովկինայի մորը, որը բանտում պետք է հանդիպեր դստերը, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։

Շոթա Թութբերիձեն «Նեթգազեթի»-ին հաղորդել է, որ Անաստասիա Զինովկինայի Ռուսաստանից Վրաստանի սահման հասած մորն ասել են, որ թույլ չեն տա մուտք գործել երկիր, քանի որ նա գրանցված է տուգանվածների տվյալների բազայում։

Փաստաբանի խոսքով` չնայած կինն առաջարկել է վճարել տուգանքը, իրեն ասել են, որ այս փուլում նրան թույլ չեն տա մուտք գործել երկիր։

Անաստասիա Զինովկինան Ռուսաստանի քաղաքացի է։ Նա և իր ընկերը՝ նույնպես Ռուսաստանի քաղաքացի Արտեմ Գրիբուլը, ձերբակալվել են դեկտեմբերի 17-ին։ Դատախազությունը նրանց մեղադրում է 16 գրամ թմրանյութ պահելու համար։ Նրանք չեն ընդունում և հերքում են մեղադրանքները։

Նրանց պնդմամբ` ոստիկանությունն իրենց անթաքույց ասել է, որ ձերբակալվել են բողոքի ցույցերին մասնակցելու համար։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Զինովկինային և Գրիբուլին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։