Ընդդիմադիր պատգամավորները չեն կարողանում նոր քաղաքական խումբ ստեղծել

«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպությունը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության նախկին պատգամավորների՝ Խատիա Դեկանոիձեի և Ռոման Գոցիրիձեի համար «Եվրոօպտիմիստներ» քաղաքական խումբ գրանցելուց հրաժարվելը խախտում է երկրի օրենսդիրի կանոնակարգի պահանջները:

ՀԿ-ն նաև նշում է՝ քաղաքական խումբ գրանցելուց հրաժարվելը խոչընդոտում է խորհրդարանական բազմակարծության զարգացմանն ու ամրապնդմանը։

«2023 թվականի մայիսի 8-ին Վրաստանի խորհրդարանը ստեղծեց երկու նոր քաղաքական խումբ, սակայն հրաժարվեց երրորդը ձևավորելուց։ Պատգամավորներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն դիմել են ընթացակարգային հարցերի հանձնաժողովին՝ քաղաքական խումբ ստեղծելու խնդրանքով։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պարզաբանմամբ, քանի որ նշված պատգամավորներն ընտրվել են նախընտրական դաշինքի («Միացյալ ազգային շարժում-Միացյալ ընդդիմություն») ցուցակով, կանոնակարգը նրանց քաղաքական խումբ ստեղծելու իրավունք չի տալիս»,- նշել են ՀԿ-ից:

Ըստ IDFI-ի՝ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 228 Պրիմա հոդվածի առաջին պարբերությունը սահմանում է խորհրդարանական խմբի ինստիտուտը և սահմանում այդ իրավունքից օգտվող սուբյեկտը, որը ներկայացված է Վրաստանի խորհրդարանի ցանկացած երկու անդամով.

«Նշված հոդվածի մնացած նորմերը կարգավորում են այդ իրավունքից օգտվելու կարգը, այդ թվում՝ սահմանելով որոշակի սահմանափակումներ և պայմաններ։ Հակառակ դեպքում, նույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված պայմանների առկայության դեպքում կարող է սահմանափակվել ցանկացած երկու պատգամավորի՝ քաղաքական խումբ ստեղծելու իրավունքը»:

Ի դեպ, 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին ՄԱՇ-ը «Միացյալ ազգային շարժում-Ուժը միասնության մեջ է» դաշինքի ձևով է մասնակցել, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ որպես կուսակցություն։ Ըստ այդմ, իշխող կուսակցությունից անջատված խմբերին՝ «Ժողովրդի ուժը» հակաարևմտյան շարժմանը և «Վրաստանի համար» կուսակցությանը թույլատրվել է գրանցվել որպես քաղաքական խումբ։

ՄԱՇ նախկին անդամներ Խատիա Դեկանոիձեն և Ռոման Գոցիրիձեն քաղաքական խմբի ստեղծման մասին հայտարարել էին մի քանի օր առաջ՝ մայիսի 4-ին։

ՄԱՇ-ը լքածներին թույլ չեն տվել քաղաքական խումբ ստեղծել