Ընդդիմությունը Ղարիբաշվիլիին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացնում

Ապրիլի 10-ին խորհրդարանական ընդդիմության տարբեր քաղաքական խմբերը համատեղ ճեպազրույց են անցկացրել։ Նրանք պահանջում են Վրաստանի խորհրդարանում ստեղծել ժամանակավոր հետաքննող հանձնաժողով՝ նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի ենթադրյալ ապօրինի հարստացման և կոռուպցիոն հանցագործությունները հետաքննելու համար։

Ընդդիմությունից պատգամավոր Թամար Կորձաիան ճեպազրույցում ասել է, որ «Իրակլի Ղարիբաշվիլին կոռուպցիայի խորհրդանիշն է, անօրինականության, կամայականության և ժողովրդի միջոցների յուրացման դիմապատկերը»։

«Վրաստանի խորհրդարանում ինչու չեն խոսում այն մասին, ինչն անհանգստացնում է մարդկանց՝ կոռուպցիայի մասին. որտեղի՞ց Ղարիբաշվիլիին ու նրա ընտանիքին այդքան մեծ կարողություն։ Այդ մարդիկ ինչպե՞ս են հարստացել ժողովրդի հաշվին։ Ինչպե՞ս են նրանք իրենց երեխաներին արտասահման ուղարկում ինքնաթիռով: Ի՞նչ ծախսերով է Ֆիլադելֆիայում ապրում իրենց երեխան: Այդ տվյալները թաքցնում են Վրաստանի բնակչությունից»,- ասել է Կորձաիան:

Կորձաիայի հավաստմամբ` ընդդիմությունը բավականաչափ ստորագրություններ է հավաքել այդ հարցը նախաձեռնելու համար։

Ի դեպ, խորհրդարանի ամբողջական կազմի առնվազն մեկ հինգերորդը (30 պատգամավոր) իրավունք ունի նախաձեռնելու խորհրդարանում ժամանակավոր քննչական հանձնաժողովի ստեղծման հարցը։ Ընթացակարգի համաձայն՝ հանձնաժողովի ստեղծման մասին որոշման նախագիծը ներկայացվում է խորհրդարանի բյուրո՝ հաջորդ լիագումար նիստի օրակարգում ընդգրկելու համար։

Ժամանակավոր քննչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման կայացումը պահանջում է խորհրդարանի լիիրավ անդամների մեկ երրորդի (50 ձայն) աջակցությունը։

Խորհրդարանական ընդդիմությունը 10-րդ գումարման խորհրդարանում քննչական հանձնաժողովի ստեղծմանն ամենամոտը 2023 թվականի ապրիլին էր։ Նրանք կարողացան մոբիլիզացնել 50 ընդդիմադիր պատգամավորների՝ դատաիրավական համակարգում ենթադրյալ հանցավոր փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու համար։

2023 թվականի ապրիլի 18-19-ը պատգամավորների մեծամասնությունը հրաժարվեց գրանցվելուց, ինչը պարտադիր ընթացակարգ է մինչև քվեարկությունն սկսելը։ Քվորում չհաջողվեց ապահովել և նիստում քվեարկել քննչական հանձնաժողովի ստեղծման հարցը, չկարողացան քվեարկել նախաձեռնած օրինագծերը։

Փորձագետներն ու ընդդիմադիր քաղաքական գործիչները կառավարության այս քայլը Սահմանադրությանը հակասող գնահատեցին և նշեցին, որ դա հարվածում է խորհրդարանի գործունեությանը։

Ղարիբաշվիլին պնդում է՝ հոր բազմամիլիոնանոց ունեցվածքը օրինական է