«Ո՛չ ռուսական օրենքին». ակցիաներ ապրիլի 15-ին

Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհդարանի մոտ մի քանի բողոքի ակցիա է նախատեսվում ընդդեմ «ռուսական օրենքի», որը օրակարգ է վերադարձրել իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:

Առաջին բողոքի ակցիան կմեկնարկի ապրիլի 15-ի ժամը 10-ին խորհրդարանի հետնամասում: Ի դեպ, այդ օրը Վրաստանի խորհրդարանում նշանակված է «ռուսական օրենքի» հանձնաժողովային լսումները։

Ակցիայի կազմակերպիչ «Տալղա» (Ալիք) և «Մծվանեեբի» (Կանաչներ) կարմակերպությունների հայտարարության համաձայն, «սա վճռական օր է»։ Եթե ​​օրինագիծն ընդունվի հանձնաժողովում, հետկանչը կդառնա անհնար:

«Իրավական հանձնաժողովի քննարկումից և հաստատումից հետո «Վրացական երազանք»-ը կարող է լիագումար նիստում ներկայացնել ռուսական օրենքը և ընդունել առաջին ընթերցմամբ։ Ամենակարևոր նպատակն այն է, որ ռուսական օրենքը չմտնի իրավական հանձնաժողով և չանցնի առաջին ընթերցմամբ, քանի որ օրենքի նախաձեռնողը կարող է օրինագիծը հետ կանչել միայն առաջին ընթերցումից առաջ:

Եթե իրավական հանձնաժողովը ռուսական օրենքն ընդունի, ապա միակ հնարավորությունը լիագումար նիստից օրենքը հանելն է, ինչը կտրուկ բարդացնում է իրավիճակը։ Եկեք ռուսական օրենքը չհասցնենք «Վրացական երազանքի» առաջին ընթերցմանը: Կոչ ենք անում «Վրացական երազանքին» հետ կանչել ռուսական օրենքը»,-  հայտարարել են կազմակերպիչները:

Ապրիլի 15-ին  խորհրդարանի դիմաց ընդդեմ «ռուսական օրենքի» հանրահավաքին կմիանան նաև ուսանողները: Երթը կազմակերպում է «Ազատության համար» ուսանողական շարժումը: Ըստ կազմակերպիչների՝ երթը կմեկնարկի Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի բակից, ժամը 12:00-ին։

«Իշխանության ավտոկրատ կրքերի հռչակած քաղաքականությունը՝ Վրաստանի եվրոպական ապագայի չեզոքացումը և երկրի ամբողջական ռուսացումը, թևակոխում են վերջնական փուլ. քաղաքացիներին վիրավորելու, խաբելու, նվաստացնելու և վանելու արդյունքում մեկ տարի անց նորից վերադարձվում է ռուսական օրենքը, որի իրական նպատակը ազատ հասարակության տոտալ վերահսկողությունն է, նրանց խարանելը և լռեցնելը, նրանց ազատ խոսքը ճնշելը, Արևմուտքը որպես թշնամական ուժ ներկայացնելը, թե, իբր, ֆինանսավորում է երկրի համար վտանգավոր գործունեությունը Վրաստանում։

Չնայած քաղաքակիրթ աշխարհի մի շարք կոշտ կոչերին, ռեժիմը, ի տարբերություն նախորդ տարվա, սպառնում է իրականացնել իր մտադրությունները։ Միակ մարդը, որ մինչ այժմ բարձր է գնահատել այս մտադրությունը, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն է»,- ընդգծել են կազմակերպիչները:

Ապրիլի 9-ին Առաջին Հանրապետության հրապարակից մինչև Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենք «Ազատության երթ» անցկացվեց: Երկուշաբթի օրը՝ ապրիլի 15-ին, Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովի նիստին զուգահեռ, որի ընթացքում նախատեսված է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցումը, խորհրդարանի դիմաց ակցիա կանցկացվի։

Ապրիլի 8-ին Վրաստանի խորհրդարանի բյուրոյի նիստում քննարկվեց և պաշտոնապես գրանցվեց «գործակալների մասին» օրենքի նախագիծը: Քննարկումն ընթացավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև աղմուկի ու հակասությունների պայմաններում։

Այն մասին, որ իշխող ուժի նախաձեռնած օրինագիծը «ռուսական է» և ոչ՝ եվրոպական, կարդացեք «Օրինագիծը եվրոպական չէ. համեմատական վերլուծություն» հոդվածում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել է «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսները, արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքները