Ճանապարհները բոլոր միշտ Ջավախք են բերում

Խորը շունչ եմ քաշում: Թանձր ու սուր օդը սովորականից ավելի երկար թոքերումս պահելուց հետո ածխաթթու գազի հետ արտաշնչում եմ նաև ներսումս եղած կարոտն ու չապրած` բացակա օրերիս թախիծը.

-Շը՜խկ. Վրաստանի սահմանային անցակետում մուտքը հաստատող կնիքի ձայնը լսելուն պես շտապում եմ տուն…

Ամուր կանգնած եմ հողին: Արդեն կեղտոտված սպիտակ կեդերս կիսով չափ հողի մեջ են, բայց ինձ դա բնավ էլ չի մտահոգում, քանզի հայրենի հողն ինձ` ես էլ իրեն մի անբացատրելի սիրով ենք սիրում ու սա մեր գրկախառնվելու յուրօրինակ տարբերակն է: Հայրենի գյուղին երկար, անթարթ նայելուց հետո քայլերս դեպի տուն են տանում, տուն որտեղ մանկությունս է անցել, որտեղ թոնրի լավաշի հոտը խնկահոտ էր հիշեցնում, տուն որտեղ ամեն ինչ միշտ չորս հավասար մասերի էր բաժանվում` քույրերիս, եղբորս ու իմ միջև: Այդ հուշերը փազլի նման հավաքվում են ամեն անգամ երբ չորսս նորից հայրական տանն ենք հավաքվում: Իսկ հայրական տունն ու հայրենիքը  մոր նման է` ամեն ինչ ներում է, անգամ երկար բացակայությունից հետո գրկաբաց ու սիրով ընդունում, առաջին հերթին կերակրում, հետո մի լավ հարցուփորձ անում, ու միայն դրանից հետո թողնում հանգստանալու…

Իսկ հիմա ամեն ինչ սկսեմ ամենասկզբից: Ծնվել եմ Ջավախքում, սահմանամերձ Կարզախ գյուղում: Այստեղ, ուր երկրի սահմանները հստակ ուրվագծված են, գիտակցում ես դրա անսահմանությունն ու ավելի լայն, ընդարձակ ու տարածական սիրում այն:

Իսկ հայրենի հողը հիշողություն ունի, կարոտել գիտի, որքան էլ որ բացակայենք միևնույն է գրկաբաց է ընդունում: Այդ հողի վրա  ավելի կանգուն ես, քայլերդ ավելի վստահ, հետո ինչ որ սպիտակ կեդերդ կիսով չափ հողի մեջ` հողի հետ գրկախառնված:

Հողը երգ ունի, այդ երգը ցանկացած գյուղացու շուրթին է` արոտում աշխատելիս, հունձք անելիս, ծառ տնկելիս, դաշտերում ու արտերում պարզապես քայլելիս, այդ երգն ամենուր է, անգամ լռության մեջ այդ երգը կա:

Հոմ հորովել հորի լորի լուրա լորիիի լոր հորովել….

Հողը սիրել գիտե, անսահման ու անվերադարձ սիրով: Հողը ներել գիտե, հողը խոսել, լսել, տեսնել գիտե իսկ ամեն սերմնացու իր հողում է աճում: Իսկ Ես թեկուզ երկար բացակայությունից հետո էլ, պարտադիր վերադառնում եմ հայրենիք, որովհետև բոլոր ճանապարհներս միևնույն է բերում են Ջավախք…

Ճամպրուկս եմ բացում, օտարության բույրը դեռ զգում եմ: Խնամքով հանում եմ շորերս` փռում արևին, հետո փաթաթվում ու արևի շողերով ես եմ ջերմանում: Ինչ-որ տեղ շտապող ամպերի հետ եմ խոսում, հետո անթարթ իմ տեսած գիշերներից ամենաաստղազարդ երկնքին եմ նայում, ամեն ընկնող աստղի հետ` երազանք պահում, մինչև որ մայրս հիշեցնում է, որ ճամպրուկս դեռ ինձ է սպասում:

Շորերիս տակ խնամքով պահած Աստվածաշունչն եմ հանում, դնում անկողնուս կողքի դարակին, այն իմ մշտական ուղեկիցն է` բոլոր ճանապարհներին: Պարտադիր ընթերցանության գրքերս եմ հանում, պատահական ընտրում դրանցից մեկն ու պատահական մի էջ բացում, կարդում…

Սա իմ երկիրն է – չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

Հայրենիքն այնտեղ չէ որտեղ քո տունն է, հայրենիքն այնտեղ է որտեղ քո սիրտն է, իսկ իմ սիրտը Ջավախքի լեռներում է, հայացքս Աբուլ լեռանն է, միտքս՝ Ջավախքի հորիզոններում: Ճամպրուկումս` Աստվածաշունչն է, իսկ ճանապարհները բոլոր միշտ Ջավախք են բերում:

Հեղինակ՝ Հերմինե Կարապետյան (ջավախքցի, Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող)

«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։