Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկատվությամբ՝ ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության ռազմավարական գործընկերությանը և տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին:
«Զրույցը վերաբերել է երկու երկրների միջև առկա սերտ քաղաքական և տնտեսական կապերին, ընթացիկ համատեղ նախագծերին և տարածաշրջանային համագործակցության կարևորությանը: Ընդգծվել է կապակցվածության ուժեղացման և տարածաշրջանի տրանսպորտային, լոգիստիկ ու էներգետիկ ներուժի առավելագույնս յուրացման կարևորությունը:
Հանդիպմանը նշվել է, որ հաջողությամբ իրականացված համատեղ նախագծերի և առևտրային համագործակցության արդյունքում՝ Ադրբեջանը 2000 թվականից կայուն տեղ է զբաղեցնում Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում:
Դրական է գնահատվել ուղևորահոսքի զգալի աճը Թբիլիսիի և Բաքվի միջև ուղևորատար երկաթուղային հաղորդակցության վերականգնումից հետո:
Հանդիպմանը ներկա են գտնվել Ադրբեջանում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին և Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը»,- ասված է հաղորդագրության մեջ: