Ընդդիմությունը պետք է ընդունի հերթական պարտությունը․ Ղարիբաշվիլի

«Դրանք իսկապես պատմական ընտրություններ էին և պատմական հաղթանակ», — այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա անդրադառնալով հոկտեմբերի 30-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներին, նշել է, որ ընդդիմությունը պետք է ընդունի պարտությունը։

«Սա ընդդիմության համար հերթական դժվարությամբ ընդունելի պարտությունն էր։ Երբ մարդիկ 8 անգամ մերժում են քեզ, պարտվում ես ընտրություններում, դա շատ բան է նշանակում։ Միգուցե սա ևս մեկ դաս լինի նրանց համար», -ասել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը նշել է նաև, որ ՏԻՄ ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը մեծ պատասխանատվություն է․

«Ամենակարևորը սա մեր ժողովրդի, մեր երկրի հաղթանակն էր։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին՝ մեզ վստահելու համար։ Մենք կանենք ամեն ինչ՝ արդարացնելու նրանց սպասելիքները։ Իշխող ուժը լիովին գիտակցում է այս պատասխանատվությունը»։

Վարչապետը նաև կառավարության անդամներին է դիմել՝ նշելով․ «նախարարներին հրապարակավ ուզում եմ ասել՝ այսօրվանից պետք է խոսել միայն գործի մասին։ Մեր երկիրն ու ժողովուրդն այսօր բախվում են բազմաթիվ խոչընդոտների՝ աղքատություն, գործազրկություն, համաճարակ և այլն։ Հետևաբար, մենք կորցնելու ժամանակ չունենք։ Մնում է կենտրոնանալ գործի վրա, աշխատել օրը 24 ժամ»։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր