Ընտանի կենդանիներին փողոցում թողնելը կարող է հանգեցնել վարչական տույժի

Խորհրդարանին է ներկայացվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ տնային կենդանիներին լքելու դեպքում վարչական տույժ կսահմանվի։ Նախաձեռնության հեղինակները պատգամավորներ Լևան Իոսելիանին ու Ալեկո Էլիսաշվիլին են։

Ըստ նախագծի՝ ֆիզիկական անձի կողմից գրանցված շանը կամ կատվին լքելը կտուգանվի 500 լարիով (մոտ 158 դոլար), իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից՝ 1500 լարիով (մոտ 477 դոլար)։

Սեփականատիրոջ կողմից շանը կամ կատվին 2-րդ անգամ լքելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 1000 լարիով (մոտ 318 դոլար), իսկ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը՝ 3000 լարիով (մոտ 953 դոլար)։

Նախաձեռնողների խոսքով, անօթևան կենդանիների թվի ավելացման կարևոր գործոններից մեկն է հանդիսանում՝ տերերի կողմից իրենց խնամակալության ներքո գտնվող կենդանիներից հրաժարվելը, վերջին շրջանում հաճախ են շների կամ կատուների տերերը հրաժարվում իրենց կենդանիներից՝ նրանց թողնելով փողոցում։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր